Ամերիաբանկը խթանում է երեխաների ֆինանսական գրագիտությունը. Star(t) Day-ին մասնակցեց շուրջ 100 երեխա

7 րոպեի ընթերցում

Ամերիաբանկն իր ներդրումն է ունենում Հայաստանում երեխաների ֆինանսական գրագիտության բարձրացման գործում: Star(t) Day միջոցառումների շարքի շրջանակում բանկը մեկ հարկի տակ համախմբեց 9-15 տարեկան ավելի քան 100 երեխաների, նրանց ծնողներին ու մասնագետների՝ նպատակ ունենալով երեխաներին փոխանցել ֆինանսական գիտելիքներ, փողը խելամիտ ու մտածված ծախսելու, նաև խնայելու հմտություններ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 19-ին բանկում շուրջ 100 երեխա մասնակցեց ֆինանսական գրագիտության դասընթացի, իսկ նրանց ծնողները՝ թեմատիկ պանելային քննարկման:

«Լինելով ֆինանսատեխնոլոգիական առաջատար հաստատություն և ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը` Ամերիաբանկը շատ կարևորում է կրթությունը, հատկապես` ֆինանսական գրագիտությունը: StartDay-ն այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններից մեկն է, այս անգամ այն նվիրված է երեխաների ֆինանսական կրթությանը: Այսօր երեխաները մեզ հետ միասին արեցին իրենց առաջին քայլերը դեպի ֆինանսական գրագիտություն»,-ասաց Ամերիաբանկի MyAmeria և MyAmeria Star պրոդուկտների ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը:

Երեխաների ֆինանսական գրագիտության բարձրացման գործում մեծ դեր ունեն ծնողները, ուստի Ամերիաբանկը չէր մոռացել նաև նրանց մասին: Ծնողները մասնակցեցին «Ապագայի աստղերը. ինչպե՞ս մանկուց ձևավորել ֆինանսական ինքնավստահություն» թեմայով պանելային քննարկման, լսեցին մասնագետների կարծիքներ, տեղի ունեցավ փորձի փոխանակում:

«Ֆինանսական գրագիտությունը վստահության, սեփական ուժերին հավատալու և պատասխանատու որոշումներ կայացնելու մասին է: Ամերիաբանկում մենք վստահ ենք, որ ամեն Star-ի հետևում փոքր մարդու մեծ քայլերն են՝ դեպի ֆինանսական գրագիտություն»,-ասաց Ռուզաննա Գրիգորյանը:

Դասընթացի շրջանակում երեխաներն իմացան, թե ինչ է փողը, բանկը, ծանոթացան քարտերի էվոլյուցիային, իմացան քարտի և հավելվածի անվտանգության կարևոր կանոններ, տեղեկացան, թե ինչ է վարկը, ինչպես կատարել խնայողություններ և այլն:

Դասընթացի մասնակից 12-ամյա Աննան արդեն հստակ գիտի՝ փողը պետք  ծախսել գիտակցված, պետք է նաև խնայել: «Փողը պետք է օգտագործել խելքով: Պետք է պահենք փողը, որ, երբ ցանկանանք ինչ-որ բան գնել, կարողանանք հասնել դրան: Փողը պետք չէ ծախսել մեկ օրում»,-ասաց նա:

10-ամյա Անգելինա Մկրտչյանը ևս միջոցառման արդյունքում գիտակցել է փողը խնայելու կարևորությունը: «Սովորեցի, որ փողը պետք է ծախսել իմաստով: Ցանկությամբ ևս կարելի է ծախսել, բայց նախ՝ անհրաժեշտության համար»,-ասաց նա:

Երեխաները մասնակցեցին նաև ինտերակտիվ ծրագրի, որի ընթացքում նրանց խաղերի միջոցով փոխանցվեցին ֆինանսական գիտելիքներ:

«Հատկապես ներկայիս արագ փոփոխվող, տեխնոլոգիապես զարգացած միջավայրում ֆինանսական գրագիտությունը շատ կարևոր է ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար: Երբ երեխաները հասկանում են փողի արժեքը, իրենց պատասխանատվությունն ավելի է բարձրանում, իրենց կայացրած որոշումներում ավելի պատասխանատու են դառնում»,-ասաց Ամերիաբանկի թվային բանկինգի ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը:

Ներկայում երեխաների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու նպատակով տարբեր միջոցառումներ են անցկացվում, ներդրվում են կրթական ծրագրեր: Ամերիաբանկը ևս ցանկացել է այս գործում իր ներդրումն ունենալ՝ ստեղծելով MyAmeria Star հավելվածը:

«Հավելվածը նախատեսված է 6-18 տարեկանների համար: Նպատակ ունենք բարձրացնել երեխաների և դեռահասների ֆինանսական գրագիտության մակարդակը: Երեխաները 6 տարեկանից սկսած ֆինանսական համակարգում կարող են առաջին քայլերն անել՝ իհարկե ծնողների օգնությամբ և ուղղորդմամբ»,-ասաց Վարդանյանը:

Հավելվածը հնարավորություն է տալիս երեխաներին ունենալ բանկային թվային քարտ՝ Visa Star, ստանալ գումար այդ քարտին, կատարել վճարումներ, կանխիկացնել գումար բանկոմատից և այլն:

«Ծնողը կարող է իր՝ MyAmeria հավելվածի միջոցով սահմանել սահմանաչափ, բյուջե, որի ներքո երեխան կարող է գործել: Մենք տալիս ենք նաև տեսանելիություն, բոլոր գործարքները ծնողի մոտ My Ameria հավելվածում իրական ռեժիմով արտացոլված են: Դա ոչ թե հսկողություն է, այլ երեխայի հետ զրույցի հնարավորություն, երբ ծնողը նկատի, որ երեխան սխալ որոշում է կայացրել: Մենք ստեղծել ենք անվտանգ միջավայր, որտեղ երեխան, փոքր սխալներ անելով, վաղը զերծ կմնա մեծ սխալներից: Ճիշտ, գրագետ ստեղծված միջավայրը ոչ թե ռիսկ է բերում, այլ հակառակը՝ դառնում է կրթական գործիք»,-նշեց Վարդանյանը:

Պանելային քննարկման խոսնակներից էր ինֆլյուենսեր, երկու երեխաների մայր Աստղիկ Ալավերդյանը: Նա կարծում է, որ 6 տարեկանից` այն տարիքից, երբ երեխան հասկանում է, թե ինչ է գումարը, պետք է սովորեցնել ֆինանսական գրագիտություն, ճիշտ ծախսել, ծախսելուց առաջ մտածել, կուտակել:

«Այս հարցում արդեն ամիսներ շարունակ օգնում է MyAmeria Star-ը: Տղաս մեծ հաճույքով օգտվում է: Մենք MyAmeria Star-ի միջոցով նաև շփվում ենք: Այն գրելու, խոսելու հնարավորություն է տալիս: Երեխան այնտեղ նամակ է գրում ծնողին, գումար խնդրում: Ծնողը կարողանում է հետևել երեխայի յուրաքանչյուր քայլին: Օրինակ, երբ տղաս դպրոցից դուրս է գալիս ու գնում լողի, ես հասկանում եմ, թե ինքն ուր հասավ, ինչ խմեց, որտեղ մտավ, ինչ օգտագործեց»,-ասաց ինֆլյուենսերը՝ կարևորելով երեխային ցանկացած տարիքում խնայողություններ անել սովորեցնելը:

Պանելային քննարկման խոսնակ, «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հիմնադիր ղեկավար, հոգեբան Աննա Վելիցյանի կարծիքով՝ ֆինանսական գրագիտությունն ինչ-որ առումով ֆինանսական անկախության մասին է: «Շատ կարևոր է երեխային հասկացնել փողի արժեքը, որ այն երկնքից չի ընկնում: Բայց պետք է նաև հասկանալ, որ փողը ֆետիշ չէ, կյանքում բոլոր հարցերը չի լուծելու: Այն լավ բան է, պետք չէ դրանից խուսափել, փողը կեղտ չէ: Պիտակները, որ մենք կպցնում ենք, հետագայում ձևավորելու են երեխայի վերաբերմունքը փողի, հարստության նկատմամբ: Պետք է վաղ տարիքից սովորեցնել, որ գումարը տալիս է անկախություն, ազատություն շատ հարցերում: Շատ գումարը տալիս է նաև շատ օգնելու հնարավորություն»,-նշեց հոգեբանը:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան