Հայաստան

Կառավարությունը ձևավորում է երեխայի պաշտպանության նոր համակարգ․ նախատեսվում է ավելի քան 40 ենթաօրենսդրական ակտ

7 րոպեի ընթերցում

Կառավարությունը ձևավորում է երեխայի պաշտպանության նոր համակարգ․ նախատեսվում է ավելի քան 40 ենթաօրենսդրական ակտ

Հայաստանի Հանրապետությունը զգալի առաջընթաց է գրանցել երեխաների իրավունքների և բարեկեցության պաշտպանությանն ուղղված իրավական ու ինստիտուցիոնալ շրջանակների ընդլայնման ուղղությամբ, սակայն, այնուամենայնիվ, գործնականում առկա են երեխաների իրավունքների և պաշտպանության ռիսկային իրավիճակներ, որոնք պետք է քննարկվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն՝ ընդգծելով, որ Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական նպատակը երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության միասնական պետական քաղաքականության ապահովմանը նպաստելն է:

«Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու մարմինների գործունեության համակարգումը, երեխայի շահերի պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության ու ռազմավարական ծրագրերի իրականացումը և մշակումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հիմնախնդիրների լուծմանն աջակցելը, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող պետական, համայնքային և մասնավոր հաստատությունների, հասարակական, քաղաքական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցությանն աջակցելը:

Թվարկված խնդիրների լուծման նպատակով հանձնաժողովն իր կանոնադրությամբ սահմանված ի թիվս այլ գործառույթների՝ քննարկում է Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի՝ երեխաների իրավունքների պաշտպանության առնչությամբ իրականացված գործունեության տարեկան հաշվետվությունը  և, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ»,- նշեց նախարարը:

Թորոսյանի խոսքով՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքն ու դաստիարակությունը հրատապ կազմակերպվում են նախարարության ենթակայությամբ գործող երեխայի և ընտանիքի աջակցության երեք կենտրոնների ճգնաժամային բաղադրիչներում.

«Ինչպես գիտեք, այս կենտրոնները տեղակայված են Երևան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Նշյալ կենտրոններում խնամվող երեխաների բնակության վայրի վերլուծությունը 2025 թվականի տարեվերջի դրությամբ ցույց է տալիս հետևյալ պատկերը․ ՀՀ ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների 3 ճգնաժամային բաղադրիչներում 2025 թվականի տարեվերջի դրությամբ 108 երեխաների բնակության վայրի վերլուծությունը ունի հետևյալ պատկերը. Երևան՝ 20 երեխա, Շիրակ՝ 20, Արմավիր՝ 15, Արարատ՝ 12, Կոտայք՝  9, Արագածոտն՝ 7, Լոռի՝ 9, Տավուշ՝ 5 Գեղարքունիք՝ 6, Սյունիք՝ 3 և Վայոց ձոր՝ 2 երեխա»,-  ասաց նախարարը:

Ըստ նրա՝ այս համատեքստում առանձնակի կարևորություն են ստանում 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված օրենսդրական բարեփոխումները` երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն էլ  կարևորելով քննարկումը, առաջարկեց օրակարգում առանձնացնել ևս մեկ հարց՝ երեխաների կրթության իրավունքի ապահովումը՝ այն պահելով մարզպետների և Երևան քաղաքի ուշադրության կենտրոնում։

«Նախարարության կողմից ներդրվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման համակարգ, որն արդեն գործում է։ Նախորդ տարվա ընթացքում շուրջ 4000 երեխա վերադարձվել է դպրոց։ Այնուամենայնիվ, համայնքների մակարդակում դեռևս առկա են անելիքներ՝ երեխաներին  հայտնաբերելու և պարտադիր կրթության համակարգ վերադարձնելու ուղղությամբ։

Նախարարի տեղակալը կարևորեց նաև երեխաների անվտանգության հարցը՝ նշելով, որ ուսումնական հաստատությունները հաճախ առաջինն են նկատում բռնության դեպքերը։ Այս ոլորտում իրականացվում են աշխատանքներ, սակայն անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն համայնքների հետ՝ խնդիրների դեպքում արագ և արդյունավետ միջամտություն ապահովելու համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն, անդրադառնալով քննարկմանը, շեշտեց երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի, նոր օրենսդրական փաթեթի և Ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխությունների կարևորությունը, որոնք Ազգային ժողովը հաստատել է նախորդ տարվա հոկտեմբերին։

«Դրանց շրջանակում առաջիկա երկու տարվա ընթացքում պետությունը պարտավորվում է ավելի քան չորս տասնյակ ենթաօրենսդրական ակտերով ձևավորել երեխայի պաշտպանության նոր համակարգ։ Այդ նոր համակարգով պետությունը կուժեղացնի իր ներկայությունը համայնքներում՝ ունենալով հատուկ վերապատրաստված և հավաստագրված սոցիալական աշխատողներ, որոնք կֆինանսավորվեն պետության կողմից։ Գործընթացի առանցքում լինելու է երեխաների պաշտպանությունն ու կանխարգելիչ աշխատանքը։

Այսօրվա հանդիպումը ազգային հանձնաժողովի ընդլայնված նիստն է՝ օրենսդիր և ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համայնքները, խնամակալության և հոգաբարձության մարմինների միջոցով, պարտավոր են ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Թեև ներկայումս այդ գործառույթներն իրականացվում են կամավորական սկզբունքով և առանց մասնագիտացված պատրաստվածության, նրանք պարտավոր են տարեկան զեկույց ներկայացնել ազգային հանձնաժողովին»,- նշեց նախարարի տեղակալը:

Նա նկատեց, որ թեև դեռևս հրապարակված չէ Քննչական կոմիտեի երկրորդ կիսամյակի հաշվետվությունը, սակայն առաջին կիսամյակի տվյալները ցույց են տալիս, որ շարունակվել են տարբեր տեսակի բռնություններն անչափահասների նկատմամբ՝ սեռական, ընտանեկան, ֆիզիկական։

«Կարծում եմ՝ այս ամսվա վերջում, երբ ամբողջական պատկերը հասանելի կլինի, կխոսենք թվերով։ Նախորդ տարվա տվյալներով՝ մոտավորապես 1500 երեխայի նկատմամբ գործեր են քննվել», - եզրափակեց Տաթևիկ Ստեփանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում