Հայաստանի և Հունաստանի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են. Հայկ Կոնջորյան
3 րոպեի ընթերցում
Հայաստանի և Հունաստանի միջև կա շատ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, և երկու երկրների հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ ՀՀ նախագահի պետական այցը Հունաստան, դրա վառ վկայությունն է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Աթենքից, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք մեր հույն գործընկերների հետ։ Այսօր Հայաստանի նախագահի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ, որին մասնակցում էին նաև Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ։ Մենք նախորդ տարի նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ենք Աթենքում եղել, որի օրակարգը նույնպես շատ հագեցած էր։ Առաջիկայում իմ հրավերով իմ Հունաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամները կժամանեն Երևան։ Մենք Երևանում ևս կունենանք բավականին հագեցած աշխատանքային քննարկում մեր հարաբերությունների խորացման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման շուրջ»,-ասաց Հայկ Կոնջորյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանական կապերը և հարաբերությունները չափազանց կարևոր են երկրների համար։ Այս համատեքստում Հայաստանի ու Հունաստանի խորհրդարանականները ունեն հագեցած օրակարգ, ինչպես երկկողմ այնպես էլ բազմակողմ ձևաչափով։
«Մեր համագործակցությունը շոշափում է ամենատարբեր ոլորտներ, ինչպես քաղաքական երկխոսություն, այնպես էլ մշակութային, տնտեսական զարգացումներ։ Մենք և մեր հույն գործընկերներն արձանագրել և արձանագրում ենք, որ, ունենալով շատ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, մշակութային կապեր, մենք կարիք ունենք խթանելու նաև մեր տնտեսական հարաբերությունները՝ հատկապես հաշվի առնելով նոր հնարավորությունները, որ բացվում են մեր առջև որպես պետություն»,-ասաց Հայկ Կոնջորյանը։
Պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման, սահմանների ապաշրջափակման, ԹՐԻՓՓ-ի և այլ խոշոր նախաձեռնությունների համատեքստում Հայաստանը իր ներդրումային գրավչությունը մեծացնելու շատ մեծ ներուժ ունի։