Չինաստան

Չինաստանում մեկնարկել է Լուսնային Նոր տարին

3 րոպեի ընթերցում

Չինաստանում մեկնարկել է Լուսնային Նոր տարին

Չինաստանում մեկնարկել է Ձիու տարին, Գարնանային տոնը (Չուն Ցզե՝ լուսնային օրացույցի համաձայն ավանդական չինական Նոր տարին): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

2026 թվականի չինական Նոր տարվան ընդառաջ Չունան շրջանում (Չեջյանգ նահանգ, արևելյան Չինաստան) Ցիանդաո լճի ափին ավանդական զգեստներով ավելի քան 200 արտիստ պարել են գունագեղ «բամբուկե ձիերի» վրա:

Բամբուկե ձիերի պարը երկար ժամանակ եղել է կարևոր ժողովրդական ավանդույթ տեղական տոների ժամանակ, ինչպիսիք են Գարնանային և Լապտերների տոները:

«Աշխարհի պատուհան» թեմատիկ այգում մոտ 200 000 հանդիսատես ականատես է եղել անօդաչու թռչող սարքերի ցնցող ամանորյա շոուին: Հազարավոր անօդաչու թռչող սարքեր կազմել են ձիերի դինամիկ խումբ, որոնք մրցել էին գիշերային երկնքում՝ չինական թմբուկների և սմբակների աղմուկը կրկնօրինակող ձայնային էֆեկտների ուղեկցությամբ: Անօդաչու թռչող սարքերը պատկերել են բարդ պատկերներ՝ այդ թվում՝ սմբակների հետքեր և «մա» (ձի) կերպարը՝ չինական կենդանակերպի 2026 թվականի խորհրդանիշը։

Չինական Նոր տարին Չինաստանում և աշխարհի չինական համայնքներում 15 օր տևող ամենամյա տոն է, որը սկսվում է նորալուսնով և տեղի է ունենում հունվարի 21-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում։

Չինացիները Նոր տարին սկսել են նշել մոտ 2000 տարի առաջ։ Տոնը ոչ միայն օրացուցային ամսաթիվ է, այլև խորհրդանշում է բնության զարթոնքը, գարնան մոտալուտ գալուստը և գյուղատնտեսական սեզոնի սկիզբը։

Գարնանային տոնը նշվում է խիստ ընտանեկան շրջանակներում, ուստի չինացիները, անկախ գտնվելու վայրից, փորձում են վերադառնալ հայրենիք:  Սա այս շրջանում աշխարհում բնակչության ամենամեծ միգրացիան է. միայն 2025 թվականին հաշվարկվել է 9 միլիարդ նման ամանորյա ճանապարհորդություն: Չինարենում այս ժամանակահատվածն ունի նույնիսկ հատուկ անվանում՝ «գարնանային միգրացիա»:

Գարնանային տոնի գլխավոր նպատակը տուն հաջողություն բերելն է, ուստի չինացիները սկսում են մուտքի դուռը զարդարելուց՝ երկու կողմերում կարմիր թղթերի  վրա կախելով երջանկության, հարստության և երկարակեցության մաղթանքներ։

Ընտանիքները սնունդը պատրաստում են նախապես, քանի որ Նոր տարվա օրը սուր առարկաների օգտագործումը համարվում է անհաջողություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում