TRIPP նախագծի հանդեպ Ադրբեջանի հանրության շրջանում տիրում է ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք․ Ֆարհադ Մամեդով
4 րոպեի ընթերցում
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» - TRIPP) նախագծի իրագործման հանդեպ Ադրբեջանի հասարակության շրջանում տիրում է, ընդհանուր առմամբ, դրական վերաբերմունք․ ինչքան ավելի շատ տեղեկություններ լինեն նախագծի մասին, այնքան հասարակությունն ավելի շատ կըմբռնի և կզգա դրա առավելությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության երրորդ համաժողովին նվիրված ասուլիսի ընթացքում նման տեսակետ արտահայտեց ադրբեջանական փորձագիտական խմբի համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը։
Անդրադառնալով TRIPP նախագծի նկատմամբ Ադրբեջանի հանրության շրջանում տիրող տրամադրություններին և վերաբերմունքին՝ Մամեդովը նշել է, որ այդ ծրագրի իրականացումը կարևոր է Բաքվի համար։
«Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապն Ադրբեջանի համար խիստ կարևոր է։ Այս իմաստով, Ադրբեջանի կառավարությունը ծավալուն ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացրել։ Այս տարվա կեսին կավարտվի երկաթուղու շինարարությունը մինչև Հայաստանի սահմանը, և կարևոր է, որ այն շարունակվի Հայաստանի Հանրապետության տարածքով»,-ասել է ադրբեջանցի փորձագետը։
Նրա բնորոշմամբ՝ TRIPP նախագծի իրագործման շնորհիվ մի քանի խնդիրներ են լուծվում․ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապի ապահովումը Ադրբեջանի տարածքից, մյուսն, իհարկե, միջազգային բեռնափոխադրումներն են, որոնք տնտեսական բարգավաճման և աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև ընդհանուր անվտանգային համակարգի համար հիմք կստեղծեն»։
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Կլոր սեղանին, նախաձեռնության հիմնական մասնակիցներից բացի, ներգրավված է նաև երկու կողմերից ավելի լայն խումբ։ Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։ Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կենտրոնացել են ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։