Ես վստահ եմ, որ ժողովուրդն է հաղթելու. Փաշինյանը խոսել է ընտրությունների և տարածաշրջանային խաղաղության մասին
3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթելու են Հայաստանի քաղաքացիները, իսկ ժողովրդավարության ամրապնդումը նպաստելու է տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկելուց հետո հայ և օտարերկրացի լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը նշել է, որ ընտրությունների վերաբերյալ իր հիմնական ակնկալիքը կապված է քաղաքացիների կամարտահայտության հետ։
«Ես վստահ եմ, որ ժողովուրդն է հաղթելու։ Սա անձնական հարց չէ։ Իմ ակնկալիքն այն է, որ Հայաստանի քաղաքացիները կհաղթեն»,-ասել է նա։
Անդրադառնալով տարածաշրջանի համար ընտրությունների հնարավոր հետևանքներին՝ վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարությունը միշտ գործում է տարածաշրջանային և միջազգային համագործակցության օգտին։
«Կարծում եմ՝ ժողովրդավարությունը միշտ աշխատում է տարածաշրջանային և միջազգային համագործակցության օգտին։ Եվ, իհարկե, ժողովրդավարությունը կարևոր գործիք է տարածաշրջանային խաղաղության համար։
Մենք այժմ, բարեբախտաբար, խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ։ Դուք գիտեք, որ Վրաստանի հետ ունենք շատ խորը և եղբայրական հարաբերություններ։ Եվ, իհարկե, ակնկալում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում»,-ասել է վարչապետը։
Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ առաջիկայում կբացվեն Թուրքիայի հետ սահմանը, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունները։
Վարչապետը կարևորել է նաև Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ այն որակելով տարածաշրջանի համար բեկումնային նախաձեռնություն։
««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է փոխել իրավիճակը տարածաշրջանում։ Այն օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, որովհետև կունենանք ոչ միայն արևելք-արևմուտք, այլև հյուսիս-հարավ ուղղություններով հաղորդակցություններ, ինչը շատ շահավետ է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի համար։ Սա շատ կարևոր է»,-նշել է նա։