Շիրակի մարզի թիվ 30 ընտրատարածքում ընտրություններն անցնում են բնականոն հունով
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում տեղամասերի թվով ամենամեծ՝ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընտրությունները գնահատում են նորմալ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Արաքսյա Կիրակոսյանը, բոլոր 63 տեղամասերը առավոտյան ժամը 8-ի դրությամբ բացվել են։
«Որևէ խնդիր, որևէ խոչընդոտ չի եղել, արտառոց դեպք չի պատահել, ընտրական գործընթացն ընթանում է սովորական ռիթմով, որևէ խնդիր չենք ունեցել»,-նշեց Արաքսյա Կիրակոսյանը՝ հավելելով, որ բոլոր տեղամասերը, որոնք ունեն 300-ից ավելի ընտրող, կահավորված են տեսանկարահանող սարքերով, որոնց օգնությամբ ցանկացողները կարող են հետևել ընտրությունների ընթացքին:
Ի դեպ, այս տարի 18 տարին լրացած և առաջին անգամ ընտրողների համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անակնկալ է պատրաստել:
Թիվ 30 ընտրատարածքն ամենամեծն է մարզում տեղամասերի թվով։ Այն համակարգում է Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի ընտրական տեղամասերի աշխատանքը, ինչն, ընդհանուր առմամբ, ներառում է 63 ընտրական տեղամաս՝ ավելի քան 26 հազար 466 ընտրողով: