Արտաքին քաղաքականություն

Վաշինգտոնը կշարունակի ստուգել ուկրաինական հակամարտությունը լուծելու հարցում Մոսկվայի պատրաստակամությունը․ Մարկո Ռուբիո

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը կշարունակի ստուգել ուկրաինական հակամարտությունը լուծելու հարցում Մոսկվայի պատրաստակամությունը․ Մարկո Ռուբիո

Միացյալ Նահանգները կշարունակի ստուգել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու հարցում Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք չգիտենք, թե արդյոք Ռուսաստանը իսկապես լուրջ է վերաբերվում պատերազմը դադարեցնելուն։ Նրանք ասում են, որ պատրաստ են, ներկայացնում են իրենց պայմանները, և հարցն այն է, թե արդյոք մենք կարող ենք մշակել համաձայնագրեր, որոնք ընդունելի կլինեն Ուկրաինայի համար և նաև կբավարարեն Ռուսաստանին։ Մենք մտադիր ենք շարունակել ստուգել սա»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

ԱՄՆ պետքարտուղարը նաև հաստատել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը նախատեսված է փետրվարի 17-18-ին՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ մասնակիցների կազմը կարող է տարբերվել նախորդից։

«Այստեղ ժամանակ շահելու փորձ չկա (խմբ․՝ նկատի ունի հակամարտությունն Ուկրաինայում)։ Մենք առաջընթաց ենք գրանցել նրանում, որ անցյալ շաբաթ, երկար տարիների ընթացքում առաջին անգամ, երկու կողմերի ռազմական պաշտոնյաները հանդիպեցին։ Մենք կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ՝ միջնորդի այս դերը կատարելու համար»,-ասել է Ռուբիոն։

Ռուբիոն խոսել է նաև ներկա աշխարհակարգի վերաբերյալ՝ շեշտելով, որ միջազգային հարաբերությունների գործող հաստատությունները՝ ինչպիսին է ՄԱԿ-ը, անհապաղ կարիք ունեն բարեփոխումների և վերակառուցման։

Նրա բնորոշմամբ՝ ՄԱԿ-ը չի կարողացել լուծել ներկայիս ամենահրատապ մարտահրավերները՝ մասնավորապես, այն չի կարողացել լուծել Գազայի և Ուկրաինայի պատերազմները։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ին Աբու Դաբիում:

Փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում տեղի է ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը, որից հետո կողմերը ռազմագերիների փոխանակում կատարեցին «157-ը 157-ի դիմաց» սկզբունքով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում