Պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն արժանացել է Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի «Պատվավոր անդամ»-ի կոչման
9 րոպեի ընթերցում
Հայ-ռուսական համալսարանում կայացավ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի կողմից հայ անվանի արևելագետ, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանին Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի «Պատվավոր անդամ» կոչման-հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպան Շիրղոլամին իր ելույթում նշեց, որ պրոֆեսոր Ասատրյանին Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամի կոչման շնորհումը երախտագիտության նշան ու խորհրդանիշ է մի ականավոր և անխոնջ գիտնականի նկատմամբ, որը իր ողջ բեղմնավոր կյանքը նվիրել է բազմաթիվ ուսանողների կրթությանը, արևելագիտության և իրանագիտության բնագավառում գիտական ժառանգության ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը։
«Նա մի գիտնական է, որը խորը և ֆունդամենտալ կերպով տիրապետում է թե՛ հին և միջնադարյան Իրանի պատմությանը՝ մշակութային և լեզվական զարմանալի բազմազանությամբ, և թե՛ ժամանակակից Իրանի պատմությանը՝ իր բարդ ու բազմագույն էթնոմշակութային կոմպոզիցիայով։ Միաժամանակ, նրա ուսումնասիրությունների շրջանակը չի սահմանափակվում միայն Իրանով, այլ ընդգրկում է ողջ տարածաշրջանը՝ Կաշգարից մինչև Փոքր Ասիա և Կովկասից մինչև Միջագետք»,- ասաց Շիրղոլամին։
Դեսպանը հավելեց, որ պրոֆեսոր Ասատրյանը, հիմնարար և համակողմանի կերպով տիրապետելով իրանական հին և նոր լեզուներին ու բարբառներին, ինչպես նաև խորքային պատկերացում ունենալով իրանական ինքնության նրբությունների և երկրի պատմաքաղաքական զարգացման ընթացքի վերաբերյալ՝ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրանագետների համայնքում։ Նրա կուտակած բացառիկ գիտական ժառանգությունն ու մտավոր կապիտալը հնարավորություն են ընձեռել ոչ միայն նոր խոսք ասել, նոր գաղափարներ առաջադրել և նոր գիտական ուղղություններ ձևավորել արևելագիտության մեջ, այլև հիմնադրել սեփական գիտական դպրոցը՝ դրանով իսկ ամուր հիմք և ենթակառուցվածք ստեղծելով իրանագիտության հետագա զարգացման համար։
«Պրոֆեսոր Ասատրյանը հարյուրավոր գիտական աշխատությունների հեղինակ է՝ հետազոտական հոդվածներ և մենագրություններ, որոնք հրատարակվել են անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, հայերեն, թուրքերեն, քրդերեն և եվրոպական ու արևելյան այլ լեզուներով։ Նա ոչ միայն եզակի գիտնական է, այլև ականավոր մանկավարժ և գիտական ղեկավար։ Նրա ղեկավարությամբ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Իրանից, ձևավորվել է գիտնականների ու հետազոտողների մի ամբողջ գալակտիկա, որոնք հպարտությամբ իրենց համարում են պրոֆեսոր Ասատրյանի գիտական դպրոցի ներկայացուցիչներ։ Նշանակալի է նաև պարոն Ասատրյանի դերը գիտական և հրատարակչական գործունեության կազմակերպման գործում»,-ասաց դիվանագետը։
Նա հիշեցրեց, որ պրոֆեսոր Ասատրյանը մի շարք հեղինակավոր գիտական հանդեսների հիմնադիր և գլխավոր խմբագիրն է, այդ թվում՝ արևելագիտության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային ամսագրերից մեկի՝ «Iran and the Caucasus» («Իրան և Կովկաս»)։ Նրա խմբագրությամբ լույս են տեսնում նաև «Caucaso-Caspica» տարեգիրքը՝ «Ռուս-հայկական համալսարանի» Արևելագիտության ֆակուլտետի հոդվածների ժողովածուն, ինչպես նաև «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի լեզվական-գրական ուսումնասիրություններ» գիտական ամսագիրը։ Վերջինս հրատարակվում է Թեհրանում՝ Իսլամական մեծ հանրագիտարանի հետ համագործակցությամբ, և առաջին հանդեսն է, որը լույս է տեսնում պարսկերենով և ռուսերենով։
Բացի այդ, 2023 թվականից պրոֆեսոր Ասատրյանի նախաձեռնությամբ Brill – De Gruyter (Լեյդեն) հրատարակչությունում հիմնադրվել է «Iran and the Caucasus Monographs» ակադեմիական մատենաշարը, որը կարճ ժամանակում հեղինակավոր դիրք է ձեռք բերել միջազգային արևելագիտական շրջանակներում։ Նա նաև Իրանի նախագահի «Տարվա գիրք» հեղինակավոր մրցանակի դափնեկիրներից է, և գիտական հանրությունը անհամբերությամբ սպասում է նրա մեծածավալ աշխատության՝ «Պարսից լեզվի ստուգաբանական բառարան»-ի հրատարակմանը։
«Գառնիկ Ասատրյանի ձեռքբերումները ճանաչում են գտել ամբողջ աշխարհում։ 2015 թվականին Լեյդեն քաղաքում նրա պատվին լույս է տեսել ականավոր արևելագետների հոդվածների մի մեծ ժողովածու՝ «Studies on Iran and the Caucasus» վերնագրով։ Անշուշտ, նման մակարդակի գիտնականն ու անհատը չի կարող անտարբեր մնալ սոցիալական և քաղաքական հարցերի նկատմամբ։ Տարածաշրջանի ժողովուրդների, էթնիկ-կրոնական խմբերի առանձնահատկությունների, ցեղային համախմբումների նրբությունների և այլ բարդ գործոնների վերաբերյալ նրա հիմնարար գիտելիքը հնարավորություն է տալիս տարածաշրջանային բազմաթիվ զարգացումների վերլուծության մեջ ունենալ ապագային միտված և ուղենշող դեր»,- նշեց Շիրղոլամին։
Նա Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ դոկտոր Հադդադ Ադելի, պարսկերեն լեզվի և գրականության մասնագետների, իրանագետների ինչպես նաև Իրանի ժողովրդի անունից իր երախտագիտությունը հայտնեց պրոֆեսոր Ասատրյանին՝ նրա անխոնջ ջանքերի համար և հույս հայտնեց, որ նրա ընտրած բեղմնավոր ուղու շարունակության ընթացքում գիտական և համալսարանական համայնքը կշարունակի օգտվել նրա արժեքավոր ուսումնասիրությունների արդյունքներից։
Այնուհետև դիվանագետը պրոֆեսորին փոխանցեց հավաստագիրը, որում մասնավորապես նշված էր․ «Իրանի Իսլամական Հանրապետության Պարսից լեզվի և գրականության ակադեմիան, իր Կանոնադրության վեցերորդ հոդվածի համաձայն, ի մեծարումն Ձեր բարձր գիտական, գրական և մշակութային համբավի և ի նշան երախտագիտության առ այն արդյունավետ ջանքերի, որոնք Դուք ներդրել եք պարսից լեզվի և գրականության տարածման ու զարգացման գործում, Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի խորհրդը՝ 2025 թ․ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած 486-րդ նիստի որոշմամբ, ընտրել է Ձեզ որպես իր պատվավոր անդամ։ Ամենակարող Աստծուց մշտապես հայցում ենք Ձեր քաջառողջությունը և նորանոր հաջողություններ»։
Արևելագետ, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն իր հերթին երախտիքի խոսքում նշեց, որ իր համար մեծ պատիվ է դառնալ ԻԻՀ Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամ։
«Այս ակադեմիայի պատվավոր անդամ են հանդիսանում ականավոր շատ գիտնականներ, մտավորականներ, մասնագետներ։ Անկեղծ ասած՝ ինձ համար նմանօրինակ մեծարման միջոցառումները փոքր-ինչ անսովոր են, քանզի գիտնականն ու մտավորականն առհասարակ չպետք է կարևորի մեծարման արարողությունները։ Այդուհանդերձ, շնորհակալ եմ բոլոր անձանց և կազմակերպություններին, որոնք ներգրավված են այս գործընթացում։ Շատերը թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում մտածում են, որ իրանագիտությունը միայն պարսկերենն ու պարսից գրականությունն է, սակայն դա մեծ քաղաքակրթություն է, որն ունի համաշխարհային բնույթ»,- ասաց Ասատրյանը։
Պրոֆեսորն ուրախությամբ նշեց, որ հայ մշակույթը շատ սերտ կապեր ունի պարսկերեն լեզվի և իրանագիտության հետ։ Նա շեշտեց, որ հայագիտությունը նույնպես շատ կարևոր աղբյուր է իրանագիտության համար, քանզի որոշ տարրեր, որոնք ժամանակի ընթացքում մոռացվել են, հայերենում, սակայն, պահպանվել են, հետևաբար հայերենի իմացությունը պարսիկների համար ևս կարևոր է իրանագիտության տեսանկյունից։
Գառնիկ Ասատրյանն իր ելույթն ավարտեց հանրահայտ ռուս արևելագետ Ֆյոդոր Կորշի խոսքերով, որոնց համաձայն՝ աշխարհիկ հաճույքներն անցողիկ են, մինչդեռ սերը, համակրանքն ու ընկերասիրությունը հավերժ ու բացարձակ ճշմարտություններ են։