ԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ Միացյալ Նահանգներում որպես ՀՀ ռազմական կցորդ իր օրինակելի ու անբասիր ծառայության համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ պաշտոնավարման ընթացքում գնդապետ Մկրտչյանը գերազանց պլանավորման, համագործակցության ու հետևողականության միջոցով ապահովել է ԱՄՆ և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների շփումներն ու երկու երկրների միջև երկխոսությունը։ 

«Գնդապետ Մկրտչյանի ջանքերն ուղղակիորեն նպաստել են հայ-ամերիկյան պաշտպանական հարաբերությունների խորացմանը, մեր զինված ուժերի միջև անվտանգային և ուսումնավարժական հարցերում համագործակցության ամրապնդմանը։

Միացյալ Նահանգները շնորհակալություն է հայտնում գնդապետ Մկրտչյանին նվիրված ծառայության ու առաջնորդման համար»,– եզրափակվում է հաղորդագրությունը։ 

Հայերեն English 中文