4 րոպեի ընթերցում
Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Աստվածահայտնությունից քառասուն օր հետո նշում է Տյառնընդառաջը։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնի համաձայն՝ փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։
Ըստ եկեղեցական ավանդության՝ երբ քառասուն օրական Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու`ինչու է աղմուկ բարձրացել: Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը»։
Տեառնընդառաջի տոնը հրավեր է բոլոր քրիստոնյաներին՝ Տիրոջն ընդառաջ գնալու։ Տիրոջն ընդառաջ գնալը նախևառաջ արտահայտվում է կյանքի ճշմարիտ ընթացքով՝ տերունապատվեր պատգամների ճանապարհով Աստծուն մոտենալու, պատվիրանները կյանքի սկզբունք դարձնելու ու կենսագործելու միջոցով։
Տոնի ժողովրդական ավանդությունը։ Տրնդեզը ժողովրդի կողմից ամենասիրված և ընդունված տոներից է։ Տրնդեզի գլխավոր խորհրդանիշը խարույկն է, որի վրայով, ձեռք ձեռքի բռնած, թռնում են այդ տարի ամուսնացած զույգերը։ Խարույկ վառելը Տեառնընդառաջի տոնի ժողովրդական ավանդույթներից է, հնագույն ժամանակներից մեզ հասած սովորույթ։ Ըստ հնագույն պատկերացման՝ Տրնդեզի կրակը մաքրագործող և պտղաբերող հատկություն ունի։ Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Տոնը համարվում է ընտանիքի օրհնության օր։ Խարույկի վրայով թռնում են տոնակատարության մասնակիցները` իրենցից վանելով անհաջողությունն ու ձախորդությունը։ Դրանից հետո բոլորը ձեռք ձեռքի բռնած շուրջպար են բռնում խարույկի շուրջ։
Ընդունված էր եկեղեցուց բերված լույսով բակերում կրակ վառել և վրայով թռնել։ Խարույկի մոխիրն էլ շաղ էին տալիս այգում՝ մաղթելով տարվա առատություն, արգասավորություն, «տեր ընդ ձեզ»։ Այդ օրը մարդիկ նշում էին ձմռան ավարտն ու գարնան գալուստը։
Տեառնընդառաջը Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է նորապսակների օրհնության օր, քանի որ տոնի հինավուրց ժողովրդական սովորույթները կապված են եղել նորապսակների հետ։ Հայ քրիստոնյա ընտանիքն ամուր է իր հոգևոր արժեքներով և քրիստոնեավայել կենսակերպով։ Հետևաբար՝ օրհնության արարողությունը հրավեր է նորապսակներին ոչ միայն Աստծո օրհնությունը ստանալու, այլ նաև ընտանիքում հոգևոր արժեքների կարևորության գիտակցությունն ամրապնդելու։
Փետրվարի 14-ին, տոնական Սուրբ Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ։ Երեկոյան ժամերգությունից հետո փակվում է խորանը, որը խորհրդանշում է Ադամի արտաքսումը Դրախտից։
Փետրվարի 15-ին սկսվում է Մեծ պահքը։ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության տոն: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Սուրբ Զատիկ, այս տարի կնշվի ապրիլի 5-ին։