Քաղաքագետները խոսել են Վենսի հայաստանյան այցի և Աբու-Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին

7 րոպեի ընթերցում

Հայաստանը վերջին տարիներին զարգացրել է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ. եթե սկզբում ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին խարտիան, ապա այժմ տեսանելի է շատ ավելի մեծ ու աննախադեպ քայլերով խորացող համագործակցություն։ ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվող խաղաղությունը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը հայտնեց քաղաքագետ, «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի արդյունքներին, ինչպես նաև Աբու-Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։

«Վերջին տարիներին ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ծագած բոլոր հարցերը շարունակաբար քննարկվում են, ինչն ամենակարևոր գործոնն է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման տրամաբանության մեջ։ Ավելանում են նոր ուղղություններ, որոնցից մեկը ռազմատեխնիկական համագործակցությունն է՝ նորագույն սպառազինության փոխանցմամբ։ Իսկ ԹՐԻՓՓ նախագիծն ԱՄՆ-ի աջակցության և ներգրավվածության առհավատչյան է, դրա առաջնահերթության վերահաստատումը։ Փոխնախագահ Վենսի այցի վերաբերյալ Սպիտակ տան հայտարարությունները նույնպես վկայում են այդ մասին»,- ասաց Քոչինյանը։ 

Նա կարևորեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված երկու հուշագրերը, որոնցից մեկն առնչվում է էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերությանը, մյուսը՝ արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերությանը։  Քոչինյանը դրական առաջընթաց համարեց այն, որ Հայաստանում մոդուլային ատոմակայանի կառուցման շուրջ կա առաջընթաց, պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել, իսկ ՏՏ ոլորտում կատարվելու են մեծածավալ ներդրումներ։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ Հայաստանի համար ստեղծվում են նոր հնարավորություններ, մինչդեռ տարիներ առաջ, ըստ նրա, հնարավոր չէր պատկերացնել, որ ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև կարող է լինել նման հսկայածավալ համագործակցություն։

«ԱՄՆ-ն այսօր աշխարհում ունի ամենաառաջատար տեխնոլոգիաները, հետևաբար նրա հետ գործարքից Հայաստանը շահեկան դիրքում է։ Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ նախագծին, ապա այն տալիս է Ադրբեջանի երկու մասերն իրար հետ կապելու հնարավորություն՝ պահպանելով հիմնական հինգ սկզբունքները, որոնց շուրջ Հայաստանը կարմիր գիծ էր ձևավորել իր համար։ Փոխնախագահ Վենսի այցը պատմական էր ոչ միայն խորհրդանշական, այլև երկկողմ հարաբերությունների զարգացման փուլի առումով։ Համագործակցության նման տեմպն իսկապես աննախադեպ է»,- ասաց Ղևոնդյանը։  

Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը նշեց, որ ԱՄՆ-ի փոխնախագահի հայաստանյան այցը վկայում է այն մասին, որ ամերիկյան նոր վարչակազմն ակտիվորեն ներգրավված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում և լրջորեն շահագրգռված է նաև խթանել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ։

«Կիսահաղորդիչների բնագավառում, միջուկային և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում ներկայիս բոլոր խնդիրները լուծելու նպատակով Միացյալ Նահանգների նոր վարչակազմն իսկապես կամք է ցուցաբերում և պատրաստ է արագ զարգացնել համագործակցության տեմպերը։ Մոդուլային նոր ռեակտորի կառուցումը ենթադրում է առաջատար տեխնոլոգիաների կիրառում, ինչի շնորհիվ այդպիսի ռեակտորներն անհամեմատ ավելի անվտանգ են։ Այդ ամենի շնորհիվ մենք կունենանք երկարաժամկետ գործակցության երաշխիքներ։ Դա նաև մեզ թույլ կտա ֆորսմաժորային իրավիճակների դեպքում մուտք գործել ամերիկյան միջուկային վառելիքի շուկա»,-ասաց Մելիքսեթյանը։   

Նրա դիտարկմամբ՝ ԹՐԻՓՓ նախագիծը թույլ է տալիս ռիսկերի կառավարման մի մասը փոխանցել ԱՄՆ-ին, ինչը տալիս է անվտանգային երաշխիքներ, բերում է ներդրումներ, ինչպես նաև ապահովում փոխկապվածություն տարածաշրջանի երկրների միջև տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի համատեքստում։  

Բանախոսներն անդրադարձաբն նաև Աբու-Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։ Քոչինյանը նշեց, որ Փաշինյան-Ալիև բանակցություններում առանցքային տեղ է ունեցել հետագա համագործակցության զարգացումը։  

«Խոսքը վերաբերում է բեռների փոխադրմանն ու էներգետիկ ոլորտում համագործակցությանը՝ համապատասխան համակարգերի միջև կապի հաստատմամբ, ինչպես նաև Հայաստան բենզին և դիզվառելիք ներկրելուն։ Որքան ավելի դիվերսիֆիկացված լինեն կապերը, այնքան ավելի լավ կլինի Հայաստանի համար։ Խոսքը բնավ Ադրբեջանից ամբողջական կախման մեջ ընկնելու մասին չէ, դա կլիներ խոշոր սխալ։ Խոսքը կապերի բազմազանեցման մասին է։ Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանող երկիր է, իսկ միջուկային էներգետիկան դառնում է այն ոլորտը, որտեղ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը միս ու արյուն է ստանում»,-ասաց Քոչինյանը։

Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ Հայաստանն ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ և տարածաշրջանային համագործակցության միջոցով փորձում է վերափոխել էներգետիկ ոլորտում իր հնարավորությունները, ինչը ենթադրում է զարգացում, հետևաբար այդ առումով Աբու-Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը բավականին արդյունավետ էր։     

«Եթե տարածաշրջանային համագործակցությունը շարունակվի նույն տեմպով, ապա դա ի վերջո կբերի նրան, որ Հայաստանը կդիվերսիֆիկացնի էներգետիկ ոլորտը՝ ունենալով լուրջ արդյունքներ։ Իսկ ԹՐԻՓՓ նախագիծն առաջին փուլում դառնալու է միջազգային համագործակցության կարևորագույն նմուշ, որն Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի ակտիվ գործունեության արդյունքում կդիտարկվի որպես օրինակելի հատկապես այն երկրների համար, որոնց միջև եղել է հակամարտություն, այսինքն՝ այս նոր իրավիճակը կարող է տիպական լինել նաև այլ տարածաշրջանների համար»,- ասաց Ղևոնդյանը։

Մելիքսեթյանն իր հերթին ասաց, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Կենտրոնական Ասիայից Ադրբեջանով և Հայաստանով արտահանել տարատեսակ ռեսուրսներ, ինչը ենթադրում է, որ նոր կոմունիկացիաները պետք է կառուցվեն՝ հատելով նաև Ադրբեջանի և Հայաստանի տարածքները։   

«Այդ առումով էականորեն փոխվում է կոնկրետ Հայաստանի տարածքի դերը։ Եթե նախկինում կոմունիկացիաներն անցնում էին հյուսիսով, ապա հետայսու անցնելու են նաև Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներով։ Դա շատ կարևոր ու պրակտիկ փոփոխություն է՝ մեզ տալով տարանցիկ երկիր դառնալու և նոր աղբյուրներից ռեսուրսներ ստանալու հնարավորություն, ինչն իր հերթին կբերի ներդրումներ՝ ապահովելով հեռանկարային զարգացում»,-ասաց Մելիքսեթյանը։    

Հայերեն Русский

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում