Հայաստան

Ավանեսյանն առողջապահական համակարգի համար պատմական և շրջադարձային է համարում 2025 թվականը

2 րոպեի ընթերցում

Ավանեսյանն առողջապահական համակարգի համար պատմական և շրջադարձային է համարում 2025 թվականը

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առողջապահական համակարգի համար պատմական և շրջադարձային է համարում 2025 թվականը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավանեսյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում:

«2025 թվականի դեկտեմբերին ընդունվեց առողջության համընդհանուր ապահովագրության օրենսդրական փաթեթը, հունվարի 1-ից համակարգը գործարկվեց, արդեն 1.5 ամիս է՝ այն հաջողությամբ աշխատում է, ծառայում է մեր քաղաքացիների առողջության պահպանմանը, վերականգնմանը և ամենակարևորը՝ կյանքերը փրկելուն»,- ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանը հավելեց՝ 2025 թվականին մեկնարկել են նաև ամբուլատոր օղակի շինարարական աշխատանքները:

«Այն շատ մեծ որակական փոփոխություն է բերելու: Առաջին փուլով 29 ամբուլատորիաների շինարարությունները տարբեր փուլում են գտնվում, 2026 թվականից կսկսեն հանձնվել շահագործման»,- նշեց Ավանեսյանը:

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրությունն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին փուլով առողջության համընդհանուր ապահովագրության շահառու են դարձել մինչև 18 տարեկան երեխաները, 65 և ավելի բարձր տարիք ունեցող թոշակառուները, հաշմանդամություն ունեցող անձինք, 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Երեխաների, թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց ապահովագրավճարն ամբողջությամբ վճարում է պետությունը։ Բոլոր շահառուների տարեկան ապահովագրավճարը 129 հազար 600 դրամ է։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում