Հունաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա
1 րոպեի ընթերցում

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը փետրվարի 11-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Բուրհանեթթին Դուրանը:
Նա հայտնել է, որ Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի վեցերորդ նիստը տեղի կունենա Անկարայում՝ Էրդողանի և Միցոտակիսի նախագահությամբ, որին կմասնակցեն երկու երկրների համապատասխան նախարարները:
Խորհուրդը կքննարկի Թուրքիա-Հունաստան հարաբերությունների բոլոր ասպեկտները և համագործակցության զարգացման ուղիները։
Նշվում է, որ երկկողմ հարաբերություններից բացի, բանակցությունների ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։