Չինաստանում մահապատժի են ենթարկել Մյանմայի մաֆիայի ևս 4 անդամի
2 րոպեի ընթերցում

Չինաստանը մահապատժի է ենթարկել Բայ ընտանիքի չորս անդամի. այս ընտանիքը ամենահայտնի հանցավոր դինաստիաներից է, որը կառավարում է Մյանմայում խարդախության կենտրոններ։ Սա վերջին շաբաթվա ընթացքում քրեական սինդիկատների անդամների նկատմամբ իրականացված երկրորդ խմբային մահապատիժն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ընտանիքի 21 անդամ և նրանց համախոհները Գուանդունի նահանգի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել խարդախության, սպանությունների, մարմնական վնասվածքներ հասցնելու և այլ հանցագործությունների համար։
2025 թ. նոյեմբերին դատարանը մահապատժի էր դատապարտել հինգ մարդու, այդ թվում՝ Բայ կլանի ղեկավար Բայ Սուոչենին։ Սակայն դատավճռի հրապարակումից հետո նա մահացել էր հիվանդությունից, հաղորդել են պետական լրատվամիջոցները։
Անցյալ շաբաթ Չինաստանը նաև մահապատժի է ենթարկել Մին մաֆիայի ընտանիքի 11 անդամի՝ Հարավարևելյան Ասիայում խարդախության դեմ պայքարի լայնածավալ միջոցառումների շրջանակներում։ Այս ընտանիքի գործունեության զոհ են դարձել Չինաստանի հազարավոր քաղաքացիներ։
Խարդախության կենտրոնները լուրջ խնդիր են Հարավարևելյան Ասիայում, և չինացիները հաճախ դառնում են առցանց խարդախության զոհ։
Տարիներ շարունակ Բայը, Մինը և մի քանի այլ կլաններ վերահսկում էին Մյանմայի սահմանային Լաուկկայ քաղաքը, որտեղ նրանք կառավարում էին խաղատներ, սեքս ինդուստրիայի թաղամասեր և կիբեռխարդախության կենտրոններ։
Ըստ իշխանությունների՝ Բայ ընտանիքի անդամները, որոնք ունեին սեփական զինված կազմավորումը, ստեղծել են 41 փակ համայնքներ, որտեղ գտնվում էին խարդախությամբ զբաղվող զանգերի կենտրոններ և խաղատներ։ Այս համայնքներում տիրում էր բռնության մշակույթ, ծեծը և խոշտանգումները տարածված գործելակերպ էին։
Դատարանը որոշել է, որ Բայ ընտանիքի հանցավոր գործունեությունը հանգեցրել է Չինաստանի վեց քաղաքացու մահվան, մեկ անձի ինքնասպանության և տասնյակ մարդկանց վնասվածքների ու խեղումների։