Հայաստան

Ամեն տարի Հայաստանում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի շուրջ 270 նոր դեպք

2 րոպեի ընթերցում

Ամեն տարի Հայաստանում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի շուրջ 270 նոր դեպք

Ամեն տարի Հայաստանում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի շուրջ 270 նոր դեպք՝ հիմնականում հիվանդության ուշ՝ երրորդ և չորրորդ փուլերում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հայաստանում տարեկան 115 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից։

Քաղցկեղի այս տեսակի տարածվածությունը և դրանից մահացությունը տարածաշրջանում 10 անգամ ավելի բարձր է, քան` Արևմտյան Եվրոպայում։

Արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման ամենատարածված պատճառը մարդու պապիլոմավիրուսի (HPV)  բարձր ռիսկայնություն ունեցող որոշ տեսակներն են:

Վիրուսի երկարատև առկայությունը օրգանիզմում կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել արգանդի պարանոցի բջիջների կառուցվածքային փոփոխության,որը նախ դրսևորվում է որպես նախաքաղցկեղային փոփոխություն, իսկ տարիների ընթացքում կարող է վերափոխվել քաղցկեղի։

Վիրուսը փոխանցվում է մասնավորապես սեռական ճանապարհով։

Քաղցկեղի տվյալ տեսակը կարելի է կանխարգելել` կատարելով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ:

Նախարարությունից հիշեցնում են՝ պապիլոմավիրուսի դեմ կատարվող պատվաստումը հիվանդության կանխարգելման ամենահուսալի միջոցներից է: Տվյալ պատվաստանյութը հասանելի է Հայաստանում, և կատարվում է 13 տարեկանից սկսած՝աղջիկներին և տղաներին։ Ունի 99% արդյունավետություն։

Սքրինինգային հետազոտությունների շարքին են պատկանում արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունը և պապիլոմավիրուսի հայտնաբերումը։

Տվյալ հետազոտությունները կատարվում են 21-65 տարեկան կանանց շրջանում։

Արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունն իրականացվում է 3 տարին մեկ անգամ, պապիլոմավիրուսի հայտնաբերումը կատարվում է 5 տարին մեկ անգամ։ Կամ 5 տարին մեկ անգամ հնարավոր է իրականացնել համակցած սքրինինգ։

Հայաստանում ՝ ԱԱՊ բժշկական հաստատություններում 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվում է անվճար HPV թեստավորում` 5 տարին մեկ անգամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում