2 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավական խնդիրներ է տեսնում եկեղեցականներին կարգալույծ հռչակելու որոշումներում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարեց Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում՝ արձագանքելով դիտարկմանը, թե որևէ մեկը կարող է վիճարկել նաև Կառավարության լեգիտիմությունն ու որևէ նախարարի աշխատանքից ազատումը:
«Մենք ժողովրդից ստացել ենք այդ իշխանությունը բանեցնելու լեգիտիմ մանդատ, և մենք Կտրիճ Ներսիսյանի նման ինքնակոչ չենք: Եվ այո, մենք չենք ճանաչում Կտրիճ Ներսիսյանի կայացրած որևէ որոշում: Այդտեղ մենք արդեն իրավական արձանագրումներ ունենք, և բոլորը պարտավոր են պետության մեջ հաշվի նստել իրավական արձանագրումների հետ, անկախ նրանից՝ որտեղ են աշխատում»,- նշեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր կձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով՝ եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա է ունեցել, նա չի կարողանա լինել Ամենայն Հայոց կաթողիկոս։
Եկեղեցականներն էլ իրենց հերթին ՀՀ վարչապետին մեղադրում են հակաեկեղեցական արշավ սկսելու մեջ:
2026 թվականի հունվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայտարարության տակ ստորագրածները ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ Կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ։