3 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունվարի 29-ի նիստում կքննարկվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասում՝ «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքում, բազմաֆունկցիոնալ քաղաքաշինական խոշոր ծրագիրը հաստատելու հարցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու կողմից հաստատված գլխավոր հատակագծով նախատեսվում է շուրջ 81 հեկտար տարածքում՝ Հրազդան գետի կիրճի եզրով և Ծովակալ Իսակովի պողոտայով, հիմնել միջազգային նշանակության բազմաֆունկցիոնալ կենտրոն։ Ծրագիրը ներառում է «Երևան-Դաունթաուն» միջազգային գործարար կենտրոնի ստեղծում (բանկեր, գրասենյակներ, հյուրանոցներ), միջազգային մշակութային կենտրոն, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների գրասենյակային տարածքներ, համաքաղաքային նշանակության հանգստի և կանաչ գոտիներ՝ բնական լանդշաֆտի պահպանմամբ, բնակելի շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ և սոցիալական ենթակառուցվածքներ, առանձին բնակելի թաղամասեր՝ դիվանագետների համար։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ Երևանի կենտրոնական հատվածը փաստացի սպառել է զարգացման տարածքային ռեզերվները։ Նորագյուղ թաղամասի զարգացումը կնպաստի մայրաքաղաքի տարածքային ապակենտրոնացմանը, տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը և ժամանակակից քաղաքային միջավայրի ձևավորմանը։
Նշվում է, որ ներկայում տարածքի զգալի մասը զբաղեցված է գյուղատնտեսական հողերով և անհատական բնակելի տներով, այդ թվում՝ ինքնակամ կառուցված։
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։
Ծրագիրն առաջարկել են «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունները։ Քանի որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների հաշվին, կառավարությունն առաջարկում է Երևանի քաղաքապետին լիազորել՝ պետության անունից նշված ընկերությունների հետ կնքել սեփականության օտարման գործընթացը կարգավորող պայմանագիրը։ Որոշման նախագծով սահմանվում է, որ օտարումները պետք է սկսվեն բլրային հատվածից, հարթավայրային հատվածում օտարումները հնարավոր կլինեն միայն 1:2 հարաբերակցությամբ, ձեռք բերող ընկերությունները չեն կարող լինել կառուցապատող կամ լոտի անմիջական գնորդ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը կիրականացնի համայնքը։