Տնտեսություն

Կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը

3 րոպեի ընթերցում

Կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը

Քուվեյթի Պետության Առևտրի և արդյունաբերության պալատում կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Քուվեյթյան կողմը ներկայացնում էր Քուվեյթի Առևտրի և արդյունաբերության պալատի (KCCI) գլխավոր տնօրենի տեղակալ Ֆիրաս Ալ-Օուդան, ով վերահաստատել է Պալատի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի և Քուվեյթի միջև գործարար կապերի ամրապնդմանն ու ներդրումային համագործակցության ընդլայնմանը։ Պատվիրակության կազմում էր նաև Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը, որը ներկայացրել է ներդրումների խթանման և աջակցության գործող գործիքակազմը։

Համաժողովը համախմբել էր Հայաստանի և Քուվեյթի գործարար համայնքների ներկայացուցիչներին՝ հանդիսանալով արդյունավետ հարթակ երկկողմ համագործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային հնարավորությունների քննարկման համար։ Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգին, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության և համատեղ ներդրումային ծրագրերի զարգացման հեռանկարներին։

Հայաստան–Քուվեյթ գործարար համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև քաղաքավարական հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի և Քուվեյթի Հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների կարգավորող մարմնի (CITRA) ղեկավարության միջև։ Քուվեյթի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների անկախ կարգավորող մարմինը ներկայացնում էին CITRA-ի նախագահը և գործադիր տնօրենը՝ դոկտոր Խալեդ Մուհամմադ Աբդուլլահ Ալ-Զամելը։

Քննարկումների ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել ռազմավարական առաջնահերթություններին և քննարկել ապագա համագործակցության հնարավոր ուղիները՝ տեխնոլոգիական կարգավորման, նորարարության և թվային զարգացման ոլորտներում։

Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է Հայաստան–Քուվեյթ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահողը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում