ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն այցելել է Յուտայի Առևտրի համաշխարհային կենտրոն, քննարկել համագործակցության հնարավոր ոլորտներն ու ուղղությունները
2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Յուտայի Առևտրի համաշխարհային կենտրոն, ինչպես նաև նահանգի խոշորագույն արդյունաբերական DoTerra ընկերության կենտրոնակայան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Առևտրի համաշխարհային կենտրոնում դեսպան Մկրտչյանը հանդիպել է կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոնաթան Ֆրիդմանին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ստերլինգ հիմնադրամի գործադիր տնօրեն Մայլս Հենսենը և ձեռներեց, պրոֆեսոր Փոլ Ահլսթրոմը։
Դեսպանության փոխանցմամբ՝ հանդիպմանը Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ վերջին տնտեսական և քաղաքական զարգացումները։
Ջ. Ֆրիդմանը ընդգծել է, որ Յուտան լավագույն նահանգներից մեկն է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության համար։
Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են համագործակցությանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացման հանձնառությունը։
Հաղորդվում է, որ DoTerra-ի կենտրոնակայանում դեսպանը հանդիպում է ունեցել նաև հիմնադիր նախագահ և գործադիր տնօրեն Դեյվիդ Ստերլինգի հետ։
«Քննարկվել են համագործակցության հնարավոր ոլորտներն ու ուղղությունները։ Դեսպանը շրջայց է կատարել կենտրոնակայանում և ծանոթացել ընկերության գործունեությանը։ Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել Դ. Ստերլինգի կողմից հիմնադրված Ստերլինգ հիմնադրամի՝ ՀՀ-ում իրականացվող ավելի քան 15 ծրագրերի համար»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։