Քաղաքականություն

Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից

2 րոպեի ընթերցում

Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Միևնույն ժամանակ, Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունանյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից:

Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը:

Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, և երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից:

Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ և ուղղել դրանք` պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ` օրինակ ծառայելով բոլորի համար:

Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Կարծում եմ, սա մի բան է, որ պետք է լինի մեր քաղաքական դաշտի արժեքային ուղենիշներից մեկը:

Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:

Շարունակելու եմ ծառայել մեր պետությանն ու ժողովրդին` Հայաստանի Հանրապետության հզորացման կարևորագույն առաքելության ճանապարհին»,- գրել է նա:

Հռիփսիմե Հունանյանն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել էր 2025 թվականի հոկտեմբերից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում