Չինաստան

Չինաստանի բնակչությունը 2025 թվականին կրճատվել է 3,39 միլիոնով

2 րոպեի ընթերցում

Չինաստանի բնակչությունը 2025 թվականին կրճատվել է 3,39 միլիոնով

Չինաստանի բնակչությունը 2025 թվականին կրճատվել է 3,39 միլիոնով և կազմել 1,40489 միլիարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի Ազգային վիճակագրական վարչությունը:

Ինչպես հետևում է հրապարակված զեկույցից, հաշվետու ժամանակահատվածում Չինաստանում լույս աշխարհ է եկել 7,92 միլիոն նորածին, մահացել է 11,31 միլիոն մարդ: Ծնելիության և մահացության գործակիցները կազմել են համապատասխանաբար 5,63 և 8,04 պրոմիլե:

Պաշտոնական հաշվարկների համաձայն՝ Չինաստանի արական բնակչությունը տարվա ընթացքում նվազել է 0,3%-ով՝ մինչև 716,85 միլիոն, իսկ իգականը՝ 0,1%-ով՝ մինչև 688,04 միլիոն: Երկրի քաղաքացիների շրջանում 16-ից 59 տարեկան անձանց բաժինը  հասնում է 851,36 միլիոնի: Դա 0,7%-ով պակաս է, քան 2024 թվականին: 65 տարեկանից բարձր բնակիչների թիվը դարձել է 1,5%-ով ավելի (223,65 միլիոն մարդ):

Բացի այդ, 2025 թվականին Չինաստանի քաղաքային բնակչությունն ավելացել է 1%-ով (10,3 միլիոնով)՝ մինչև 953,8 միլիոն: Գյուղական վայրերում բնակվում է 451,09 միլիոն մարդ (նվազում 2,9%-ով՝ 13,69 միլիոնով): Ուրբանիզացման մակարդակը կազմում է 67,89%:

Վերջին տարիներին Չինաստանի իշխանությունները մշտապես մշակում են ծնելիության խթանման և, այսպես կոչված, արծաթե տնտեսության (խմբ.՝ տնտեսական գործունեություն, ապրանքներ և ծառայություններ՝ ուղղված տարեց մարդկանց կարիքների բավարարմանը) զարգացման միջոցներ: Կառավարությունն ընդլայնում է դեռահասների խնամքի համակարգը, ձգտում է ստեղծել ծնելիության համար բարենպաստ սոցիալական մթնոլորտ, ուժեղացնել քաղաքացիների աջակցությունը կրթության, բնակարանային ապահովման և զբաղվածության հարցերում:

2022 թվականին Չինաստանի բնակչությունը 60 տարվա ընթացքում առաջին անգամ սկսել է կրճատվել՝ նվազելով 850 հազարով: 2023 և 2024 թվականներին ցուցանիշը նվազել է համապատասխանաբար ևս 2,08 միլիոնով և 1,39 միլիոնով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում