Նոր գիրք

«Նոր գիրք»-2/26. Արամունի, Խալեդ, Աջապահյան

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/26. Արամունի, Խալեդ, Աջապահյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականի վերջում և 2026 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Խորեն Արամունի, «Կարմիր բերետով օտարականը»

Խորեն Արամունու «Կարմիր բերետով օտարականը»  իր բնույթով սիրավեպ է: Սակայն սյուժետային զարգացումները տեղի են ունենում պատմական ու քաղաքական կարևոր իրադարձությունների հենքի վրա, որը հնարավորություն է տալիս, մի կողմից հետահայաց արժևորել ու ընդհանրացնել նախորդ տասնամյակների հայաստանյան կյանքի խորապատկերը, մյուս կողմից՝ բարձրաձայնել հոգեբանական անչափ կարևոր խնդիրներ, որոնցից շատերը, տարբեր հանգամանքների բերումով, դեռ շարունակում են մնալ արդիական: Խմբագիր՝ Գագիկ Մինասյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Մայի Խելեդ, «Ջիմնազիա»

Մայի Խելեդի «Ջիմնազիա» վեպի գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում և Շվեյցարիայում: Վեպը ուսումնասիրում է պատրիարխալ հասարակություններում կանանց, գրողի անձնական ուղու, ինքնաճանաչման, ինչպես նաև մարդկային և սիրային հարաբերությունների թեմաները: Գիրքը լույս է ընծայել «Էջ»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Հայկ Աջապահյան, «Վերջին ճանապարհը»

Այս գիրքը ճանապարհորդություն է հայոց պատմության առանցքային իրադարձություններով։ Պատմական փաստերը ներկայացված են Անիի և Դավիթի աչքերով՝ որպես գեղարվեստական հետաքրքիր մի պատմություն, իսկ գլխավոր հերոսներն իրական հայ կերպարներ են, որոնք պատմության տարբեր ժամանակաշրջաններում մեծ ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի ապագայի վրա։ Արկածներով լի այս պատմության մեջ Անին և Դավիթը կհասնեն Արածանիի ափ և ներկա կգտնվեն հայ ժողովրդի մկրտության լուսավոր պահին, կհանդիպեն Մեսրոպ Մաշտոցին ու Կորյունին, կօգնեն Վռամշապուհ արքային մարել Վաղարշապատի ավերիչ հրդեհը։ Ապա, հայտնվելով Կիլիկիայում՝ նրանք կծանոթանան հզոր Հեթում արքայի, Հովհաննես արքաեղբոր և նրա քաջարի մարտիկների հետ՝ սեփական աչքերով տեսնելով հայոց քաջերի սխրանքը։ Իսկ նրանց մեծագույն առաքելությունը կլինի՝ վերադարձնել հայ ժողովրդից գողացված Գրիգոր Լուսավորիչի սուրբ Աջի մասունքը։ Եվ այս ամենը մատուցված է հետաքրքիր արկածային ոճով՝ պահպանելով պատմական փաստերի ճշգրտությունը, մեջբերելով հատվածներ պատմական աղբյուրներից ու ձեռագրերից։ Գիրքը լույս է ընծայել «Դավինչի»-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում