Տնտեսություն

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր

5 րոպեի ընթերցում

Կեղծ ալկոհոլային խմիչքներ և կեղծ ակցիզային դրոշմանիշերով ծխախոտային արտադրանքներ են հայտնաբերվել հայաստանյան շուկայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

«ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ տարածքում շրջանառվում են կասկածելի արտադրության ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ։

2025 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում մայրաքաղաքում և հանրապետության տարբեր մարզերում վարչությունն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, Ներքին անվտանգության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ, մշակել և ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքների արտադրության և վաճառքի ոլորտներում հանցավոր սխեմաների գործունեություն իրականացնողներին բացահայտելու նպատակով։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հայտնաբերվել է ակնհայտ կեղծ ակցիզային դրոշմանիշերով և հսկիչ նույնականացման նշաններով ստվերում շրջանառվող 844 շիշ կեղծ ալկոհոլային խմիչք, 46․720 տուփ տարբեր տեսակի ծխախոտային արտադրանք և 372 հատ էլեկտրոնային ծխախոտ»,– մանրամասներ են հայտնել ՊԵԿ-ից։

Բացի այդ, նախատոնական օրերին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցներն ուսումնասիրել են սոցիալական հարթակներում ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքների վաճառքի հայտարարությունները, որից հետո ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Հայտնաբերվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 7 ֆիզիկական անձի կողմից, առանց ակցիզային դրոշմանիշերի  և հսկիչ նույնականացման նշանների, ալկոհոլային խմիչքների վաճառքի դեպքեր։ Իրավախախտման դեպքերով կազմվել են համապատասխան արձանագրություններ և հարուցվել են վարչական վարույթներ։ Արձանագրված մոտ մեկ տասնյակի հասնող դեպքերով, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում ներկայում վերլուծվում և ուսումնասիրվում են հավաքված  նյութերը, որից հետո ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդումներ կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե։ 

Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ իրացնողներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է պարտադիր դրոշմավորման ապրանքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով և զերծ մնալ անօրինական գործունեություն իրականացնելու մտադրությունից, հարկեր չվճարելու դիտավորությամբ չփորձել հանցավոր մեթոդներով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։

Ալկոհոլային խմիչքներ վերավաճառողներին կոմիտեն հորդորում է  վերավաճառքի նպատակով չգնել և չվաճառել անհայտ ծագումով և շուկայականից էականորեն ցածր գներով ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ։ Գնումների ընթացքում մատակարարներից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթղթեր։ Կարևոր է՝ վաճառքի կետերում ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ  գնելուց առաջ սպառողներն ուշադրություն դարձնեն նմանատիպ խմիչքների և ծխախոտների վաճառքի գներին, E-MARK հավելվածի միջոցով սկանավորեն հսկիչ (նույնականացման) նշանները, համոզվելու՝ արդյոք ապրանքը ենթակա է վաճառքի, որպեսզի չգնեն անհայտ ծագում ունեցող խմիչքներ։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ՝ այդ թվում կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող ամբողջ խմբաքանակները շրջանառությունից դուրս բերելու ուղղությամբ։

Իրականացված միջոցառումների ընթացքում ամբողջ խմբաքանակը դուրս է բերվել շրջանառությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում