Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու 5435 որոշում է կայացվել. 90.1 տոկոսը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են
2 րոպեի ընթերցում

ՆԳՆ ոստիկանությունը 2025 թվականին կայացրել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու 5435 որոշում, որից 4899-ը կամ 90․1 տոկոսը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պարզաբանում է տարածել Ներքին գործերի նախարարությունը ՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարություններին:
« «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը երեկ հայտարարել է, որ բազմաթիվ մարդիկ «անիմաստ խախտումի պատճառով» զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և «չեն կարողանում ընտանիք պահել»։ Նա հայտնել է նաև, որ «երկրորդ շանս են տալու այդ մարդկանց և վերադարձնեն վարորդական վկայականները»։
Իսկ հիմա՝ փաստերով։ Նշենք, որ միայն 2025 թվականին ՆԳՆ ոստիկանության կողմից կայացվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու 5435 որոշում, որից 4899-ը կամ 90․1 տոկոսը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են»,-ընդգծել են գերատեսչությունից:
ՆԳՆ-ից շեշտել են, որ վերոնշյալը ոչ թե «անիմաստ խախտումներ են», այլ ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, որոնց հետևանքով վտանգվում է երթևեկության բոլոր մասնակիցների կյանքն ու առողջությունը։
ՆԳՆ-ից կոչ են անում հայտարարություններում չխեղաթյուրել իրական պատկերը և զերծ մնալ վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին մոլորեցնելու փորձերից։