Հայաստանում իշխող ուժի պատգամավորներն արձագանքում են Սոլովյովի հայտարարությանը

4 րոպեի ընթերցում

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն արձագանքել են ռուս հաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությանը, թե «Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, և Ռուսաստանը պետք է ոչ միայն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա»։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես նշել է. 

 «Ռուսաստանցի պրոպագանդիստը հերթական սպառնալիքն է հնչեցրել Հայաստանի ինքնիշխանության դեմ, և ես ուզում եմ հիշեցնել, թե մենք որքան ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը վերջին տարիներին։

Նախորդ տարի Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղության հռչակագիրը և նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։ Բոլորդ հիշում եք։ Շուտով կլինի երկու տարի, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակոցից զինվոր չի զոհվել։ Սա մի ժամանակ երազանք էր, այսօր՝ իրականություն։ Սա մոնումենտալ փոփոխություն է մեր կյանքում, ուղղակի մենք կենցաղային թոհուբոհի մեջ երբեմն չենք նկատում։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվել հացահատիկ, դիզվառելիք, շուտով նոր խմբաքանակներ են գալիս։ Սա ևս ժամանակին աննախադեպ էր, հիմա ոչ միայն աննախադեպ չէ, այլև ունի նախադեպեր, և դրանք շատանալու են։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները աշխատում են «Թրամփի ուղու» գործարկման շուրջ։ Մի հատ նայեք աշխարհին, տեսեք այս փոթորիկը, որ տեղի է ունենում աշխարհում և Հայաստանը, որն ամրապնդում է իր խաղաղությունը, Ադրբեջանի հետ սկսում է առևտուր, Թուրքիայի հետ մտնում է հարաբերությունների կարգավորման նոր փուլ, «Թրամփի ուղու» գործարկման շուրջ է աշխատում։ Սրանք մեր ինքնիշխանության ամրապնդման վառ օրինակներ են, և, իհարկե, հիմա նորից հնչում են սպառնալիքներ մեր ինքնիշխանության դեմ։ Ի՞նչ պիտի մենք անենք։ Մենք պիտի տասնապատկենք մեր ջանքերը խաղաղության ամրապնդման, սահմանների ապաշրջափակման, ճանապարհներ կառուցելու, առևտուր անելու, հարևանների հետ խաղաղ համակեցության ուղղությամբ։ Սա է մեր ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքը և սա է լինելու է մեր պատասխանը»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Հայերի ու Հայաստանի հանդեպ իր «սերը» միշտ արտահայտող պրոպագանդիստ Սոլովյովը պահանջում է «Հատուկ ռազմական գործողություն» անել Հայաստանում, ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայում: Սա թշնամական դրսևորում է ՀՀ հանդեպ և պետք է ստանա պատշաճ արձագանք: Ո՞րը պետք է լինի սրան ՀՀ արձագանքը: Առնվազն Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից: Եվ սա նվազագույնն է, որ ՀՀ-ն պետք է անի:

Հատուկ տաղանդ է պետք քո հանդեպ լավ տրամադրվածներին հետդ թշնամացնելու համար: Սոլովյովը պետք է վերցնի Դեյլ Կարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ» գիրքը և գրի դրա հակառակը՝ «Ինչպես ձեռք բերել թշնամիներ»: Կացինը կարող է տեղ տեղ օգնել: Բայց երկարաժամկետ կտրվածքով կացնի կիրառությունը լավագույն միտքը չէ»:

Ավելի վաղ Վլադիմիր Սոլովյովի հայտարարությանն արձագանքել էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

 

Հայերեն Русский

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ