Հայաստան

ՄԱԶԾ-ի և Կլիմայի կանաչ հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում ջերմաարդիականացվել է ավելի քան 300 հանրային ու բնակելի շենք

5 րոպեի ընթերցում

ՄԱԶԾ-ի և Կլիմայի  կանաչ հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում ջերմաարդիականացվել է  ավելի քան 300 հանրային ու բնակելի շենք

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի  աջակցությամբ  2020 թվականից մինչ օրս Հայաստանում իրականացվել են շենքերի էներգաարդյունավետության լայնածավալ  աշխատանքներ: Նախագծի շրջանակում ջերմաարդիականացվել է ավելի քան 300 հանրային և բնակելի շենք՝ ներառյալ դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական կենտրոններ և բազմաբնակարան շենքեր։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ  զրույցում «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի  համակարգող Վահրամ Ջալալյանը նշեց, որ ծրագիրն  իրականացվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի  20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհային միջոցներով և հանդիսանում է հիմնադրամի խոշորագույն ծրագրերից մեկը տարածաշրջանում։

Միաժամանակ ծրագրի իրականացման ընթացքում  ապահովվել է  նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներդրումը, ինչպես նաև  ՀՀ  կառավարության և Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը։ 

Ծրագրի կառուցվածքը ներառում է հինգ  հիմնական բաղադրիչ։ Առաջին բաղադրիչը վերաբերում է մոնիթորինգին, ազդեցության գնահատմանը և հանրային իրազեկվածության բարձրացմանը՝ կրթական ծրագրերի, դասընթացների և վերապատրաստումների միջոցով։       

Երկրորդ բաղադրիչն ուղղված է քաղաքական և կարգավորիչ ռիսկերի նվազեցմանը՝ շինարարական նորմերի, էներգաարդյունավետության ստանդարտների և օրենսդրական դաշտի արդիականացման  միջոցով։                                

Երրորդ բաղադրիչը ներառում է համագործակցություն ֆինանսական կառույցների հետ՝ էներգաարդյունավետության ֆինանսավորման նոր գործիքների մշակման և թվայնացման ուղղությամբ։                   

Չորրորդ բաղադրիչի շրջանակում իրականացվում է շենքերի էներգաարդյունավետության միջոցառումների համաֆինանսավորում։ Ծրագրի ընդհանուր բյուջեից 14 միլիոն դոլարն ուղղված է անմիջապես շենքերի ջերմաարդիականացման աշխատանքներին, իսկ մնացած միջոցները՝ ծրագրի կառավարմանը և օժանդակ բաղադրիչներին։

«Ծրագիրն  իրականացվում է տարբեր գործընկերների հետ համագործակցությամբ: Մասնավորապես, առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվել են Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի և Նուբարաշենի հոգեկան առողջության ազգային կենտրոնի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքները։ Համագործակցություն է իրականացվել նաև Երևանի քաղաքապետարանի,   Հայ բարեգործական ընդհանուր միության և այլ կառույցների հետ»,-ասաց Շենքերի էներգաարդյունավետության ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը։

Նախագիծն իրականացվել է ավելի քան 40 բնակավայրում՝ ընդգրկելով 20 խոշորացված համայնք։ Այն չունի տարածքային սահմանափակումներ և իրականացվել է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ծրագրի հիմնական նպատակը կլիմայի փոփոխության դեմ պայքարն է՝ շենքերում էներգիայի սպառման նվազեցման և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման միջոցով։

2023–2024 թվականներին ծրագրի երկարաձգման փուլում թիրախները վերանայվել են, և ծրագրում ներառվել  է առանձնատների ուղղությունը, որը նախկինում բացակայում էր համապատասխան մեխանիզմների բացակայության պատճառով։  Առանձնատների և բնակարանների համար գործում է պետական սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակում պետությունը սուբսիդավորել է վերանորոգման նպատակով վերցված վարկերի տոկոսադրույքները։

Նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները ներառում են պատուհանների և դռների փոխարինում, պատերի, տանիքների և նկուղների ջերմամեկուսացում, ջեռուցման, օդափոխության և լուսավորության համակարգերի արդիականացում, ինչպես նաև արևային էներգիայի կիրառման լուծումներ։

Հայաստանում ներդրվել է նաև համայնքային էներգետիկ կառավարման ինստիտուտը։

Համայնքային  էներգետիկ կառավարիչներ ունեն Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև Լոռու մարզի Ստեփանավան և Ալավերդի համայնքները, որտեղ իրականացվում են համայքապատկան շենքերի և ենթակառուցվածքների էներգոսպառման համակարգված վերահսկում՝ հատուկ թվային էներգետիկ կառավարման  տեղեկատվական համակարգի միջոցով։

«Այսօր  ամենաէժան էներգիան չսպառված կամ խնայված էներգիան է, և շենքերի ջերմաարդիականացումը երկարաժամկետ առումով առավել արդյունավետ ներդրում է, քան միայն էներգիայի արտադրության աղբյուրների ավելացումը»,- եզրափակեց Վահրամ Ջալալյանը։

Լուսինե Ջալալյան 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում