Չենք կարողանում կապ հաստատել Իրանում մեր հայրենակիցների հետ. Զարեհ Սինանյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ Իրանի հայ համայնքի հետ կապ հաստատել չի հաջողվում, ինչն անհանգստացնող է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2025 թվականի աշխատանքները և 2026-ի անելիքներն ամփոփող ասուլիսի ընթացքում։

Ներկայացնելով, թե Հայաստանն ինչ քայլեր է ձեռնարկում Իրանում վերջին օրերին տիրող լարված իրադրության, բողոքի լայնածավալ ցույցերի ֆոնին այնտեղ բնակվող հայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ՝ Սինանյանը նշեց, որ խնդիրներ կան նրանց հետ կապ հաստատելու առումով։

«Իրանում մենք ուրբաթ օրվանից, երբ ցույցերն ավելի են սրվել, տեղեկություն չունենք․ այս պահին էլ մենք չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում։ Շարունակելու ենք մեր ջանքերը՝ Իրանի հայերի հետ կապ հաստատելու ուղղությամբ»,-ասաց Զարեհ Սինանյանը։

Նա նաև հիշեցրեց այն իրադրությունը, որը տիրում էր Իրանում 2025 թվականի հունիսին Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում՝ ընդգծելով, որ այդ օրերին տեղեկությունները ստացվում էին Հայաստան-Իրան սահմանի Մեղրիի անցակետում ստեղծված ռեսուրսների միջոցով։

«Այդ ժամանակ Իրանում հայերի մասին մենք տեղեկություններ էինք ստանում սահմանն անցնող մեր հայրենակիցների միջոցով։ Երևի նույն բանը պետք է այսօրվանից սկսել անել նաև այս դեպքում, քանի որ տեղեկատվական այս դադարը մեզ շատ է անհանգստացնում»,-նշեց Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նկատեց, որ այս պահին առկա չէ բավարար տեղեկություն, որպեսզի հայերի տարհանում կազմակերպվի․ «Հենց որ տեսնենք՝ համապատասխան տեղեկություն ունենք Իրանի մեր հայրենակիցների հետ կապված, որը մեզ հնարավորություն է տալիս այս պնդումն անել ՀՀ կառավարությունում, իհարկե, դա կանենք»,- ասաց Սինանյանը։  

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք մասնագիտական խումբ ուղարկել Իրան՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ այս պահին դա իրատեսական չէ։

«Այս պայմաններում իրատեսական չէ մասնագիտական կամ որևէ այլ խումբ ուղարկելը, քանի որ մեզ համար դեռևս պատկերն անհասկանալի է․ չենք կարող իմանալ, թե ուր ենք ուղարկում։ Պետք է հասկանանք, գոնե մոտավոր պատկերացում ունենանք, թե ինչ է տեղի ունենում հատկապես հայաշատ քաղաքներում և, ըստ այդմ, կողմնորոշվենք մեր հետագա անելիքների հարցում»,-շեշտեց Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև անդրադարձավ Սիրիայում՝ մասնավորապես Հալեպում տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով, որ, ցավալիորեն, Սիրիայում կատարվողը խրոնիկ բնույթ է կրում, և մարդիկ արդեն սովորել են այդ ամենին։

«Ես ցավով եմ դա ասում, իհարկե։ Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, և եթե հնարավորություն ունեք, եկեք Հայաստան, քանի որ ապագան Սիրիայում շատ մշուշոտ է»,-ասաց Սինանյանը՝ դիմելով սիրիահայերին։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանում շարունակվող ցույցերի ընթացքում կան հարյուրավոր զոհեր։ Մասնավորապես, Assocated Press-ը, հղում անելով ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններից մեկի տվյալներին, հայտնում է 544 զոհի մասին, որոնցից 496-ը ցուցարարներ են, իսկ 48-ը՝ իրավապահներ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ երկրում շուր երկու շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 10600 մարդ։Իրանում զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:

Իրանական կողմը ցույցեր հրահրելու մեջ է մեղադրում ԱՄՆ-ին և Իսրայելին։

Երկրում օրեր շարունակ սահմանափակված է ինտերնետի հասանելիությունը։

Հայերեն English فارسی Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում