Հայաստան

Փաշինյանի համոզմամբ՝ եկեղեցին պետք է լինի ազգային միասնության ու քաղաքական հակադրություններից զերծ վայր

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ և ազգային միասնության տարածք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում անդրադառնալով երկրի հանրային-քաղաքական կյանքին եկեղեցու առնչության հարցին` Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ այն պետք է լինի քաղաքական հակասություններից զերծ տարածք և առաջնահերթ մտահոգվի իրական կյանքում աստվածային վարդապետությունը տարածելու հարցով։

«Շատ է խոսվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու և հենց եկեղեցու կողմից քաղաքականություն ծավալելու անթույլատրելիության մասին։ Սրա շուրջ, ըստ էության, Հայաստանի հանրության շրջանում կա ըմբռնում, եթե չասենք կոնսենսուս, կամ՝ կոնսենսուս մինուս մի քանիսը։ Բայց այս կետից մեկ ուրիշ հարց է ծագում․արդյոք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է առնչություն ունենա մեր հանրային-քաղաքական կյանքին և եթե այո՝ ինչպիսի։ Ես կարծում եմ, որ, այո պետք է ունենա առնչություն և եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրո-կառավարական, որտեղ ամենասուր քաղաքական հակառակորդները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում մի կողմ են դնում իրենց հակասությունները և կարող են կողք կողքի լինել մեր ազգային եկեղեցական տոների ժամանակ, կողք կողքի մասնակցել պատարագի, աղոթք հղել առ Աստված, հաղորդություն ընդունել և հաղորդակցվել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Իմ կարծիքով եկեղեցին հենց այսպիսի հանրային դերակատարում պետք է ունենա և նրա առաջնային մտահոգությունը պետք է լինի իրական կյանքում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետության, նրա դավանած արժեքների  տարածման հարցը»,-ասել է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում