Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված, Վարդենյաց, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտը և Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը:
Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի տարածքում ևս կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: