Երևան

Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է

2 րոպեի ընթերցում

Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է

Երևանի քրեական հետախույզները բացահայտել են մայրաքաղաքում կատարված սպանությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ մեկ անձ ձերբակալվել է։

«Դեկտեմբերի 31-ին ժամը 18:38-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։

Րոպեներ անց մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնում էին, որ հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Ռոբերտ Ստեփանյանին։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:35-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր տրամաչափերի հրազեններով կրակոցներ է արձակել «Տոյոտա» ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով Ռոբերտ Ստեփանյանը մարմնի տարբեր հատվածներում ստանալով հրազենային վնասվածքներ մահացել է։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի 45-ամյա բնակիչը Ռոբերտ Ստեփանյանի՝ ավտոմեքենայում գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել մայրաքաղաքի 41-ամյա բնակչին։ 41-ամյա տղամարդը իր մոտ պահվող ապօրինի զենքերից կրակոցներ է արձակել Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ, ինչից հետո 41 և 45-ամյա տղամարդիկ դեպքի վայրից դիմել են փախուստի։

ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը»,– նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Երևանի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում