Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին, ժամը 13։30-ին բոլորին հրավիրում է ուխտերթի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում։

«Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հունվարի 6-ին, ժամը 13։30-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից։ Երթը կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։ Ի՞նչ խորհուրդ ունի ուխտերթը։ Առաջինը՝ այդպիսով նշանավորել մեր տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը։ Երկրորդը՝ արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու սրբազան ավանդությանը։ Երրորդ կարևոր խորհուրդը՝ արտահայտել աջակցություն Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու  բարենորոգմանը, որի մասին Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ երեկ երեկոյան հանդես եկանք հայտարարությամբ։ Հաջորդ խորհուրդը՝ արտահայտել աջակցություն մեր պետականությանը և արտահայտել մեր դիրքորոշումն առ այն, որ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին մեր պետության, ինքնիշխանության, անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպն անընդունելի է, և մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու։ Հենց այս խորհուրդն է հատկապես էական ակցիայի երթային բնույթի տրամաբանության համար»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելեց, որ երթը լինելու է խաղաղ՝ լեցուն քրիստոնեական սիրով և Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման վճռականությամբ։ «Երթը կավարտվի Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում։ Այնտեղ շատ կարճ հավաք տեղի կունենա։ Իհարկե, շատ ցուրտ է լինելու, և խնդրում եմ նախ մասնակցել, երկրորդը՝ տաք հագնվել։  Կրկնում եմ՝ երթի մեկնարկը 13։30-ից կլինի»,- մանրամասնել է Փաշինյանը։

Նա նաև հայտնել է, որ հունվարի 6-ին, ժամը 10։30-ից մասնակցելու է Սուրբծննդյան պատարագին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ «Իմ կոչն է անպայման մասնակցել երթին, որը սկսվելու է ժամը 13։30-ին։ Երթը ես եմ հրավիրում և գլխավորելու եմ այդ երթը։ Հույս ունեմ, որ ներկա կլինեք, կգաք, կմասնակցեք, որովհետև շատ կարևոր ուխտերթ է, և հրավիրում եմ բոլորիդ»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում