Իրավունք

ՔԿ-ն հայտնել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 միլիոն դոլարի գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք բացահայտելու մասին

5 րոպեի ընթերցում

ՔԿ-ն հայտնել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 միլիոն դոլարի գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք բացահայտելու մասին

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերջինիս պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 միլիոն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք բացահայտելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված համակողմանի և արդյունավետ նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Գ․Ծ․-ն 2008 թվականի ընթացքում ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի հետ և առաջարկել համատեղ իրականացնել ոսկյա զարդերի վաճառքի գործունեություն: Նշված գործունեությունը ծավալելու նպատակով ընկերությունը 2009 թվականին պետական գրանցում է ստացել, որտեղ 50-ական տոկոս բաժնեմասերով բաժնետերեր են գրանցվել Գ․Ծ․-ն և Գ․Թ․-ն, իսկ ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել Ս․Ա․-ն։

Դրան զուգահեռ, 2009 թվականի կեսերին Գ․Թ․-ն Գ․Ծ․-ին առաջարկել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում հիմնել խմելու ջրի գործարան՝ պայմանավորվելով հողը միասին գնել Ակունք գյուղում, որից հետո Գ․Ծ․-ն պարտավորվել է կառուցել գործարանի շենքը, իսկ Գ․Թ․-ն՝ կազմակերպել հոսքագծի գնումը և ՀՀ տեղափոխումը:

2009 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Գ․Թ․-ի կողմից ՀՀ է ուղարկվել ջրերի գործարանի գործարկման համար անհրաժեշտ 19 սարքավորումներ, իսկ փաթեթավորման սարքավորումը սահմանված ժամկետներում հնարավոր չի եղել առաքել՝ մատակարար ընկերության դրսևորած անգործության պատճառով։

Դրանից հետո՝ 2010 թվականի օգոստոսի 17-ին, Ս․Ա․-ն ու Գ․Ծ․-ն խմբի կազմում, Գ․Թ․-ին պատկանող բաժնեմասը շորթման եղանակով հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, Գ․Ծ․-ի` Առինջ գյուղում գտնվող առանձնատան այգում Գ․Թ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ստորագրել փաստաթղթեր, ինչի ազդեցության ներքո Գ․Թ․-ն նույն օրը նոտարի մոտ ստորագրել է պարտավորագիր և տվել լիազորագիր, որոնց հիման վրա 2011 թվականի մարտի 14-ին նրա կողմից լիազորված անձ Հ․Գ․-ի և Ս․Ա․-ի միջև կնքվել է «Բաժնեմասի առուվաճառքի մասին» պայմանագիր, որով Ս․Ա․-ին է փոխանցվել ընկերության` Գ․Թ․-ի կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը` այդ կերպ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2.5 մլն դոլարի շորթում:

Այնուհետև, Գ․Ծ-ն և Ս․Ա․-ն, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել ոսկյա զարդերի և ընկերության 50 տոկոս բաժնեմասի հանցավոր ծագումը, դրա գործունեությունը կապել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների օրինական շրջանառություններին, իսկ ոսկյա զարդերն իրենց այլ օրինական եկամուտներին։ Այսպիսով՝ օրինական գործարքի միջոցով փաստացի թաքցվել և խեղաթյուրվել է ընկերության նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումն ու իրական բնույթը՝ շորթմամբ ձեռք բերելու հանգամանքը՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Հավաքված ապացույցների հիման վրա Գ․Ծ․-ի և Ս․Ա-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը՝ փողերի լվացումը):

Նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթով Գ.Ծ.-ն և Ս.Ա.-ն կալանավորված են, նրանց նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում