Հայաստան

Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում. կան փակ ավտոճանապարհներ

2 րոպեի ընթերցում

Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում. կան փակ ավտոճանապարհներ

Հունվարի 1-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատանք են տարել ՀՀ բոլոր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Իրականացվել են ձնամաքրման, աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ Գործի է դրվել մեծ թվով տեխնիկա՝ ձյուն մաքրող մեքենամեխանիզմներ (կոմբինացված ճանապարհային մեքենաներ, գրեյդեր և այլն)։

Կապալառու կազմակերպությունները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ, ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքը շարունակում են 24-ժամյա ռեժիմով։ 

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - նշում են հիմնադրամից։ 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում