Համայնքային ոստիկանությունը շարունակել է իր աշխատանքը նոր կառուցվածքով և կառավարման նոր մոդելով․ ՆԳ նախարարը խոսել է բարեփոխումների մասին
2 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանության պարագայում ծառայությունը պետք է շարունակի բեռնաթափվել ավելորդ գործառույթներից, որպեսզի հնարավոր լինի համայնքների բնակիչներին ավելի շատ ժամանակ հատկացնել, ավելի շատ շփվել նրանց հետ՝ խնդիրները լուծելով ավելի օպերատիվ ու արագ։ Համայնքային ոստիկանությունը շարունակել է իր աշխատանքը նոր կառուցվածքով և կառավարման նոր մոդելով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հարցնում է քաղաքացին» հաղորդման շրջանակում այս կարծիքն է հայտնել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Տարեկան կտրվածքով 30 000-ից ավելի ծանուցագրեր համայնքային ոստիկանները «առաքել են» հասցեատերերին, ինչը նշանակում է, որ բավարար ժամանակ չի հատկացվել համայնքի հետ աշխատանքին։ Իսկ այսօր արդեն այդ ժամանակահատվածը կարողանում ենք հանգիստ տրամադրել մեր համայնքների բնակիչներին և քննարկել նրանց մտահոգող տարբեր հարցեր։ Համայնքային ոստիկանության նկատմամբ վստահության նոր ցուցիչ ենք ինքներս մեզ համար արձանագրել»,- ասաց Սարգսյանը։
ՆԳ նախարարը հավելել է, որ, օրինակ, ընտանեկան բռնության դեպքերի շրջանակում ավելի շատ են բնակիչները սկսել ահազանգել ոչ թե տարբեր ՀԿ-ներին, ոչ թե ընտանիքի անդամներին, այլ հենց համայնքային ոստիկաններին, ինչը, ըստ նախարարի, կարևոր ցուցիչ է համայնք-ոստիկան վստահության նոր մակարդակի նվաճման տեսանկյունից։
«Հետևողականորեն շարունակելու ենք ավելի մեծ դաշտ բացել համայնքային ոստիկան-քաղաքացի շփման համար»,- հավաստիացրել է ՆԳ նախարարը։