Հայաստան

ՆԳՆ-ի համար չափազանց կարևոր է գերատեսչության ինստիտուցիոնալ զարգացման շարունակությունը . նախարար

3 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ի համար չափազանց կարևոր է գերատեսչության ինստիտուցիոնալ զարգացման շարունակությունը . նախարար

ՀՀ ՆԳՆ-ի համար չափազանց կարևոր է գերատեսչության ինստիտուցիոնալ զարգացման շարունակությունը և այդ կերպ ուղի հարթելը նոր հնարավորությունների համար, ինչպես նաև բավարարելն այն ակնկալիքները, որոնց շրջանակում ՀՀ քաղաքացին ունի նոր արդյունքներ տեսնելու տրամաբանություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հարցնում է քաղաքացին» հաղորդման շրջանակում այդ կարծիքն է հայտնել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Մենք շարունակում ենք զարգացնել ՆԳՆ կարողություններն ու ձևավորել կայուն մշակույթ և ընդհանուր արժեհամակարգ ունեցող ինստիտուցիոնալ նոր կառույց, որն ունի միասնական առաջնահերթություններ և միասնական գործելաոճ։ Շատ կարևոր է որ, ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհին մենք շարունակում  ենք նաև ենթակա բոլոր կառույցներում մեր ունեցած բարեփոխումների օրակարգերի իրականացումը»,- ասել է Սարգսյանը։

Նախարարն առաջին հերթին անդրադարձել է ՆԳՆ համակարգի կրթական բարեփոխումներին՝ համոզմունք հայտնելով, որ բոլոր բարեփոխումների առանցքը կրթությունն է և վերափոխված նոր մոտեցումներով ծառայությունների մատուցումը։

«Ըստ այդմ՝ այս տարվա ընթացքում հասցրել ենք ձևավորել ՆԳՆ-ի միասնական կրթահամալիրը։ Այն իհարկե նոր շունչ և ասելիք ունի ՆԳՆ համակարգի կադրերի պատրաստման պրոցեսի տեսանկյունից, առավել ևս, որ կարիք կա յուրաքանչյուր ժամանակին համահունչ՝ ձևավորել նոր մոտեցումներ և կրթական պրոցեսը կազմակերպել դրան համապատասխան։ Այս կրթահամալիրը նոր ոճով շարունակում է ՆԳՆ համակարգի ոստիկանների, փրկարար ծառայողների, քաղծառայողների պատրաստման և վերապատրաստման պրոցեսների կազմակերպումը»,- նշել է ՆԳ նախարարը։

Նրա կարծիքով՝ բոլոր բարեփոխումներն ի վերջո պիտի անմիջական ազդեցություն ունենան քաղաքացիների վրա, որովհետև բարեփոխումներն, ըստ նրա, ոչ թե արհեստականորեն այս կամ այն լուծման իմպլեմենտացումն է, այլ այդ լուծումն այնպես մատուցելը, որ արդյունքները զգան բոլոր քաղաքացիները։

«ՆԳՆ-ի ինստիտուցիոնալ զարգացումը շարունակվում է։ Նոյեմբերի 1-ից գործարկվել է ոստիկանության գվարդիան, որը հասարակական կարգի պահպանման և անվտանգության տեսանկյունից նոր երաշխավոր և դերակատար է։ Մեր բարեփոխումների տրամաբանական վեկտորը տանելու ենք այն ուղղությամբ, որ հենասյունային ուղղությունները համախմբված կարողանան ամբողջ պոտենցիալով գործել և ծառայել ՀՀ քաղաքացուն՝ սպասարկելով անվտանգային տարբեր հարցեր»,- ասել է ՆԳՆ նախարարը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում