Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին վերադարձավ բնականոն զարգացման հուն. տնտեսագետ

5 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին վերադարձավ բնականոն զարգացման հուն, արձանագրվեց ցուցանիշների կայունացում: Անցնող տարվա տնտեսական արդյունքները «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսպես գնահատեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը:

Տնտեսագետը համարում է, որ աշխարհաքաղաքական արմատական փոփոխությունների և համաշխարհային տնտեսությունում արտառոց իրավիճակների բացակայության պարագայում այս միտումը մեր երկրում կպահպանվի նաև հաջորդ տարի: Առհասարակ, նրա կանխատեսմամբ՝ առաջիկա տարիներին ՀՀ տնտեսությունը կարող է մոտ 4-5 տոկոսի աճ ապահովել:

Աղասի Թավադյանի արձանագրմամբ՝ այս տարի աստիճանաբար չեզոքացան Ռուսաստանին առնչվող զարգացումներով պայմանավորված դրական ազդակները, որոնք 2022-24 թվականներին նպաստել էին Հայաստանի տնտեսական աճի կտրուկ արագացմանը: Այդ գործոններից էին, օրինակ, Ռուսաստանից կապիտալի մեծ արտահոսքը և Հայաստանի ներգրավումը ռուսական ոսկու վերաարտահանման գործընթացում:

«2025 թվականին Հայաստանի տնտեսությունը վերադարձավ իր նորմալ վիճակին՝ գրանցվեց տվյալների կայունացում, արտահանման ծավալների կրկնակի կրճատում, ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղում: Բայց, ընդհանուր առմամբ, տնտեսության վիճակը կայուն է»,-գտնում է տնտեսագետը:

Նա հիշեցրեց, որ հիմնականում ռուսական ոսկու վերաարտահանման շնորհիվ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը 2024 թվականին հասել էր 13.1 մլրդ դոլարի: Դրա 63 տոկոսը բաժին էր ընկնում ոսկու վերաարտահանմանը, որը նաև զգալի կշիռ ուներ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշում: Մինչդեռ, Հայաստանի հիմնական ապրանքատեսակների արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ և Եվրամիություն նույն ժամանակահատվածում կրճատվել էր համապատասխանաբար 10 և 14 տոկոսով:

«Պետք է հասկանալ, որ ոսկու վերաարտահանման գործոնը, որի ազդեցության ականատեսն էինք 2023 թվականի վերջից մինչև 2024 թվականի կեսերը, ուռճացրել էր մեր երկրի ոչ միայն արտահանման, այլև տնտեսական ակտիվության ցուցանիշները: Տնտեսական ակտիվության հիմնական բաղադրիչներից մեկի՝ արդյունաբերության աճը, պայմանավորված էր ոչ թե արդյունաբերության հիմնական հատվածի զարգացմամբ, այլ գերազանցապես (90-95 տոկոսով) ոսկու վերաարտահանմամբ, որը գրանցվում էր որպես ներքին տնտեսություն ստեղծող ավելացված արժեք, բայց իրականում այդպես չէր։ Հիմա արդյունաբերությունն անկում է ապրել, որովհետև չկա ոսկու վերաարտահանումը։ Այդ գործոնի վերացումը հանգեցրել է ՀՀ արտահանման ցուցանիշի գրեթե կրկնակի կրճատման: Տարեվերջին այն, ենթադրաբար, կլինի 6-7 մլրդ դոլարի սահմանում։ Նաև ունենք տնտեսական աճի տեմպի դանդաղում, որը ձգտում է դեպի երկարաժամկետ նորմալը, այսինքն՝ մոտավորապես 5-5.5 տոկոսի»,- ասաց նա: 

Աղասի Թավադյանը ուշադրություն հրավիրեց նաև Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում արձանագրված փոփոխություններին.

«Աճ է արձանագրվել բանկային համակարգում: Ներկայում ցանկի առաջին տասնյակում ներկայացված են բանկեր, որոնք դեռևս 10 տարի առաջ առկա չէին։ Իսկ, օրինակ, հանքաարդյունաբերական կազմակերպությունների ցուցանիշները թեթևակի անկում են գրանցել: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրելով  ՀՆԱ-ի ցուցանիշները և դրանց աճին նպաստող գործոնները՝ կարող ենք արձանագրել հետևյալ պատկերը. արտերկրից ստացված գումարների շնորհիվ բանկային համակարգում ունենք աճ, որի ազդեցությունը զգացվում է նաև շինարարության ոլորտում: Այստեղ տիրող աշխուժությամբ պայմանավորված աճել են անշարժ գույքի գները: Այդ ամենն իր հերթին համեմվում է ծառայությունների գների աճով։ Սրանք են Հայաստանի տնտեսական աճի հիմնական բաղադրիչները: Իհարկե, նաև ՏՏ ոլորտը, որը նույնպես ուրույն տեղ ունի Հայաստանի զարգացման գործընթացում»։

Մեր զրուցակցի կարծիքով, 2026 թվականին Հայաստանում տնտեսական ցնցումներ չեն կանխատեսվում:

«Ընդհանուր առմամբ, 2026 թվականին Հայաստանի տնտեսությունը շարժվելու է դեպի կայուն դանդաղում: Եթե համաշխարհային տնտեսությունում կամ աշխարհաքաղաքական համակարգում արտառոց և արտակարգ իրադարձություններ տեղի չունենան, ապա Հայաստանում առաջիկա տարիներին կգրանցվի կայուն 4-5 տոկոսի տնտեսական աճ։ Իհարկե, որոշակի անհանգստություն են առաջացնում անշարժ գույքի շուկայում հնարավոր խնդիրները, սակայն դրանք նույնպես համաշխարհային իրավիճակով են պայմանավորված լինելու: Որոշակի միտումներ արդեն իսկ նկատվում են: Այսպես, 2025 թվականին գրանցվել է երկրորդային շուկայում անշարժ գույքի գների և գործարքների քանակի կրճատում, սակայն առաջնային շուկայում դրանց աճը դեռևս պահպանվում է: Այս առումով որոշակի անկում կա Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում»,- եզրափակեց Աղասի Թավադյանը։

Հայերեն Español

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա