Երբ կրթական փոփոխությունը սկսվում է դասարանից. «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2025 թվականի տարեվերջյան ամփոփում
11 րոպեի ընթերցում

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի շարժման համար 2025 թվականը դարձել է ոչ միայն աճի, այլև խորքային ազդեցության տարի։ Տարվա ընթացքում կազմակերպության ծրագրերից օգտվել է ավելի քան 60,000 աշակերտ, ինչը նշանակում է, որ Հայաստանում սովորող յուրաքանչյուր հինգերորդ երեխան առնչվել է կրթական ծրագրերին։
Հիմնադրամի բնորոշմամբ՝ սա ևս մեկ անգամ հաստատում է, որ դասարանից սկսվող փոփոխությունները կարող են հասնել համակարգային մակարդակի։

«Արմենպրես»-ը ներկայացնում է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2025 թվականի տարեվերջյան ամփոփումը:
«Կազմակերպության գործունեության առանցքում շարունակել է մնալ Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը (ՈՒԱԾ), որը տարիների ընթացքում վերածվել է կրթական հզոր շարժման։ Միայն 2025 թվականին ծրագրի շրջանակում 111 ուսուցիչ-առաջնորդ աշխատել է 106-ից ավելի դպրոցում, հիմնականում մարզերում և սահմանամերձ համայնքներում։
Նրանց գործունեության արդյունքում շուրջ 31,458 աշակերտ օգտվել է կրթության որակի բարելավումից՝ ուսուցիչների առաջնորդության, նորարարական դասավանդման մեթոդների և դպրոցական միջավայրի զարգացման միջոցով։ Այս ազդեցությունը կազմում է Հայաստանի բոլոր աշակերտների մոտ 12 տոկոսը։

Ուսումնական առաջընթաց՝ սոցիալ-հուզական աջակցությամբ
2025 թվականին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն հինգ դպրոցում իրականացնում է «Սերունդ» դպրոցի ամբողջական փոխակերպման ծրագիրը, որի նպատակն է ձևավորել երեխայակենտրոն, համագործակցային և զարգացնող կրթական միջավայր։ Ծրագիրն ընդգրկում է ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացումը, ծնողական համայնքի ակտիվ ներգրավումն ու դպրոց-ընտանիք գործընկերային համագործակցության խորացումը՝ միտված երեխաների ամբողջական՝ ակադեմիական, սոցիալ-հուզական և քաղաքացիական զարգացմանը։
Այս տարի ծրագիրն առանձնահատուկ կարևոր փուլ է մտնում, քանի որ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն առաջին անգամ մեկնարկել է իր գործունեությունը նաև Երևանում։ Սեպտեմբերից «Սերունդ» դպրոցների ցանցին միացել է Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցը, որը դարձել է մայրաքաղաքում իրականացվող ծրագրի առաջին դպրոցը։
Միաժամանակ ծրագրին միանում են նաև երեք նոր դպրոցներ մարզերից՝ Դեբեդի միջնակարգ դպրոցը, Վանաձորի խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրի միջնակարգ դպրոցը, իսկ ծրագրում երկրորդ տարին շարունակվում է ներգրավվածությունը Ստեփանավանի թիվ 6 և Արենիի միջնակարգ դպրոցներում, որտեղ նախորդ տարվա փորձը հնարավորություն է տվել խորացնել և կայունացնել իրականացվող կրթական փոփոխությունները։
«Սերունդ» դպրոցի ամբողջական փոխակերպման ծրագիրը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի ռազմավարական նախաձեռնություններից է՝ ուղղված դպրոցների ներքին կարողությունների ամրապնդմանը և երկարաժամկետ կրթական որակի բարելավմանը։ Այս տարի «Սերունդ» ծրագիրը Project Management Awards 2025-ի կողմից արժանացավ «Տարվա սոցիալական ազդեցություն» մրցանակին։ PMI սոցիալական ներազդեցություն անվանակարգում, ներկայացված լինելով կարևոր առաքելություն իրականացնող այնպիսի կազմակերպությունների հետ միասին, ինչպիսիք են COAF-ը, PIN-ը, AGBU-ն և EBRD-ն, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հեղինակային «Սերունդ» ծրագիրը ճանաչվեց լավագույնը։

– – –
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ, 2025 թվականին վերսկսել են Ուսումնական առաջընթացի աջակցության ծրագիրը, որի նպատակն է աջակցել ուսումնական բացեր ունեցող աշակերտներին՝ կիրառելով համակցված ակադեմիական և սոցիալ-հուզական ուսումնառության մոտեցում։
Ծրագիրն ուղղված է ոչ միայն աշակերտների ակադեմիական գիտելիքների աճին, այլև նրանց սոցիալ-հուզական զարգացմանը, ինքնավստահության ամրապնդմանը և բարեկեցության բարձրացմանը։ Միևնույն ժամանակ նախաձեռնությունը խթանում է ծնողների գիտակցված և արդյունավետ ներգրավվածությունը երեխայի կրթական գործընթացում, ինչպես նաև նպաստում է դպրոցների վարչական ղեկավարների և ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ ձևավորելով աջակցող և կայուն դպրոցական միջավայր։
2025 թվականին ծրագիրն իրականացվել է Հայաստանի 7 մարզերի 8 դպրոցներում, ընդգրկելով շուրջ 800 աշակերտ, որոնցից յուրաքանչյուրի կրթական առաջընթացն ու բարեկեցությունը ծրագրի առանցքային արժեքն է։

– – –
«Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն Հայաստանի դպրոցներում» ծրագիրը համատեղ իրականացնում են Համաշխարհային բանկը և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի կրթական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է «Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հիմնադրամ»-ի տրամադրած դրամաշնորհի շրջանակում։
Ծրագրի շրջանակում ընդգրկվել է ընդհանուր առմամբ 450 դպրոց, որոնցից 225-ը պատահականության սկզբունքով ընտրվել են որպես միջամտության դպրոցներ, իսկ մնացած 225-ը՝ որպես համեմատության խումբ՝ ծրագրի ազդեցության գնահատման նպատակով։ Միջամտությունն իրականացվել է երեք փուլով, յուրաքանչյուր փուլում ընդգրկելով 150 դպրոց (75 միջամտության և 75 համեմատության դպրոց)։
Ծրագրի հիմնական բաղադրիչներից է դպրոցական կարողությունների զարգացումը։ Յուրաքանչյուր փուլի շրջանակում միջամտության դպրոցների ֆիզկուլտուրայի, հայոց լեզվի և մաթեմատիկայի ուսուցիչների, ինչպես նաև դասղեկների համար կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստումներ, որոնք ուղղված են սովորողների հոգեսոցիալական բարեկեցության խթանմանը և աջակցող, անվտանգ ու ներառական դպրոցական միջավայրի ձևավորմանը։

Արդյունքներ, որոնք չափվում են տվյալներով
Հայաստանի գյուղական համայնքներում որակյալ կրթության հասանելիությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ի տվյալահեն մոտեցումը նպատակ ունի համակարգային լուծումներ առաջարկել այս խնդրին։ Ուսումնական գնահատումները ցույց են տալիս կայուն և չափելի առաջընթաց․ 2024–2025 ուսումնական տարվա ընթացքում արձանագրվել է 16% ընդհանուր ուսումնական աճ, այդ թվում՝
- 17%՝ գիտելիքների աճ,
- 15%՝ գիտելիքների կիրառման հմտությունների զարգացում,
- 15%՝ քննադատական մտածողության առաջընթաց։
Այս ցուցանիշները գերազանցում են Համաշխարհային բանկի տարածաշրջանային միջին շեմերը՝ հատկապես այն հմտությունների մասով, որոնք սովորաբար առավել դժվար են զարգացվում դասարանային միջավայրում։

Կրթություն՝ դասարանից դուրս
Կրթական փոփոխությունը չի սահմանափակվել միայն ակադեմիական արդյունքներով։ 2025 թվականին իրականացվել է 66 աշակերտների առաջնորդությամբ կրթական նորարարական ծրագիր, որոնց շրջանակում՝
- 845 աշակերտ եղել է ծրագրերի անմիջական մասնակից,
3,240 աշակերտ ներգրավվել է ծրագրային գործընթացներում,
816 համայնքի անդամ դարձել է ծրագրերի շահառու։
Մասնակիցներից գրեթե բոլորն արձանագրել են առաջնորդության, ներառականության և քաղաքացիական ներգրավվածության հմտությունների աճ՝ ցույց տալով, որ դպրոցը կարող է դառնալ համայնքային զարգացման առանցքային կենտրոն:

Շրջանավարտները՝ փոփոխության շարունակականությունը
Կազմակերպության երկարաժամկետ ազդեցության առանցքային ուժը նրա շրջանավարտներն են։ Այսօր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի շրջանավարտների ցանցը միավորում է ավելի քան 550 շրջանավարտ-դեսպան, որոնց 70 տոկոսը շարունակում է աշխատել կրթության ոլորտում՝ որպես ուսուցիչ, տնօրեն, քաղաքականության մշակող կամ սոցիալական ձեռնարկատեր։
Համակարգային ազդեցություն՝ պետական մակարդակում
2025 թվականին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն ամրապնդեց իր դերը որպես կրթական քաղաքականության վստահելի գործընկեր։ Կազմակերպության մասնակցությամբ մշակվել և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատվել են երկու կարևոր կարգավորումներ, որոնք վերաբերում են ուսուցիչների պատրաստման այլընտրանքային ուղիներին և դպրոցների ֆինանսավորման նոր մոտեցումներին։
Միաժամանակ շարունակվել է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող Ուսուցիչների առաջնորդության մագիստրոսական ծրագիրը, որը նախատեսված է հատկապես սոցիալապես խոցելի համայնքներում աշխատող մանկավարժների համար։ Ծրագիրն արդեն ունի 42 շրջանավարտ, ևս 26 ուսուցիչ պատրաստվում են ավարտել այն առաջիկայում։

Կրթական փոփոխությունների տասնամյակ. դեպի նոր տեսլական
2025 թվականը նաև խորհրդանշական էր կազմակերպության համար․ հուլիս ամսին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն նշեց իր գործունեության տասնամյակը։ Հոբելյանական միջոցառումը միավորեց կազմակերպության բոլոր տարիների Ուսուցիչ-առաջնորդներին, շրջանավարտ-դեսպաններին, աշակերտներին, համախոհներին, աջակիցներին և գործընկերներին։
Այս միջոցառումների շարքը դարձավ ոչ միայն տասնամյակի ձեռքբերումները ամփոփելու, այլև ապագայի նոր տեսլականը ձևակերպելու կարևոր հանգրվան։ Տասը տարիների փորձը ցույց տվեց, որ տվյալահեն որոշումները, առաջնորդական մոտեցումը և համայնքների հետ խորքային աշխատանքը կարող են իրական փոփոխություն բերել կրթական համակարգում։

Դասարանից՝ համակարգ
2025 թվականի փորձը ևս մեկ անգամ հաստատեց, որ կրթական փոփոխությունները սկսվում են դասարանից, սակայն դառնում են կայուն միայն այն ժամանակ, երբ վերածվում են համայնքային և պետական քաղաքականության։ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ն 2026 թվական է մտնում նոր փուլով՝ «Հայաստանի կրթական նախաձեռնություն» միասնական հարթակի ձևավորմամբ՝ նպատակ ունենալով ընդլայնել ազդեցությունը, խորացնել առաջնորդների շարժումը և կառուցել արդար, դիմակայուն ու որակյալ կրթական համակարգ Հայաստանի համար»։