Իրավունք

Ծառայության ընթացքում անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու մեջ մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

2 րոպեի ընթերցում

Ծառայության ընթացքում անբարեխիղճ  վերաբերմունք դրսևորելու մեջ մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Հայաստանի քննչական կոմիտեի ավագ քննիչն իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, ինչի հետևանքով նախաքննական մարմինը զրկվել է վարույթով ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհու կողմից ենթադրյալ ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռված քրեական վարույթով նախաքննության ընթացքում վերը նշված ավագ քննիչը կազմել է համապատասխան արձանագրություն, համաձայն որի՝ վերցրել է դեպքի ժամանակ հիշյալ բնակչուհու հագին եղած արնանման հետքերով հագուստները, սակայն այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ չի կատարել, համապատասխան փորձաքննություններ չի նշանակել:

Այնուհետև, պարտավոր լինելով իրականացնել նշված քրեական վարույթով վերցրած իրերի կամ առարկաների պատշաճ պահպանությունը,  քննիչն իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, այն է՝ աշխատանքից ազատվելու կապակցությամբ քրեական վարույթի հետ մեկտեղ նշված հագուստները չի հանձնել և դրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չի ներառել զեկուցագրում, իսկ վարույթով հետագա նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցների արդյունքում քննիչի կողմից քաղաքացուց վերցված հագուստները տվյալ քննչական բաժնում չեն հայտնաբերվել, որի հետևանքով խաթարվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող կոնկրետ քրեական վարույթի պատշաճ քննության ընթացքը»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ գործից մանրամասներ են հայտնում Հակակոռուպցիոն կոմիտեից

Վերը նշված արարքների համար ավագ քննիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում