Գիտություն

Բյուրականի աստղադիտարանը շարունակում է մնալ Հայաստանի գիտական ինքնության առանցքային հիմնասյուներից մեկը

4 րոպեի ընթերցում

Բյուրականի աստղադիտարանը շարունակում է մնալ Հայաստանի գիտական ինքնության առանցքային հիմնասյուներից մեկը

Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակի առթիվ 2026 թվականի սեպտեմբերի 14-18-ը կկայանա միջազգային գիտաժողով՝«Անկայուն երևույթներ տիեզերքում» խորագրով։  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ ընդգծելով, որ                                        գիտաժողովի խորագիրը ուղղակիորեն  կապված է Վիկտոր Համբարձումյանի գիտական հեղափոխական տեսության վրա, ըստ որի տիեզերքը ոչ թե անփոփոխ ու կայուն համակարգ է,  այլ զարգացող  և անկայուն միջավայր։   

«Համբարձումյանն առաջինն էր, որը հակադարձեց ընդունված պատկերացումներին և նոր մոտեցում առաջարկեց տիեզերքի ուսումնասիրությանը»,-ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։          

Բյուրականի աստղադիտարանը առանձնանում է  նրանով, որ այստեղ ոչ միայն ուսումնասիրում են հայտնի տիեզերական օբյեկտներ, այլև իրականացվում  են նոր հայտնագործություններ։  

Թեև աստղադիտարանը երբեք չի ունեցել ամենահզոր տեխնիկական բազան, այն մշտապես պահպանել է իր ինքնուրույն  գիտական ուղղվածությունը՝ հիմնվելով նոր գաղափարների և մոտեցումների վրա։      

Վերջին տարիներին  Բյուրականի աստղադիտարանն ակտիվորեն զարգացնում է միջազգային համագործակցությունը՝ հատկապես Ֆրանսիայի հետ։ Համատեղ ծրագրերի արդյունքում հրապարակվել է ավելի քան հարյուր գիտական հոդված, ինչպես նաև ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ վերականգնվել է աստղադիտարանի դիտակներից մեկը։         

Բյուրականի աստղադիտարանը համագործակցում է նաև Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Վրաստանի և Իրանի հետ։                                               

Աստղադիտարանը բացի գիտական գործունեությունից  իրականացնում է նաև կրթական և հանրային ծրագրեր։    

                  

Ամեն տարի կազմակերպվում են հանրային դիտումներ, ամառային գիտաճամբարներ դպրոցակաների համար, ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր և արտագնա դասախոսություններ Հայաստանի տարբեր մարզերում։   

Վերջին մի քանի տարիների ընթացքում աստղադիտարանն ունեցել է 20 հազար օտարերկրացի այցելու, ինչը զգալի ցուցանիշ է։    

                                                          

«Բյուրականի աստղադիտարանը շարունակում է մնալ Հայաստանի գիտական ինքնության առանցքային հիմնասյուներից մեկը։ Այսօր մեր հիմնական նպատակն է խորացնել միջազգային ինտեգրումը, արդիականացնել տեխնիկական բազան և ներգրավել երիտասարդ կադրերի՝ չնայած առկա ֆինանսական դժվարություններին»,-նշել է աստղադիտարանի տնօրենը։  

Լուսինե Ջալալյան 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում