Մշակույթ

Հայաստանի թանգարանների համար ուսանողները բրենդավորում և վերաբրենդավորում կիրականացնեն

3 րոպեի ընթերցում

Հայաստանի թանգարանների համար ուսանողները բրենդավորում և վերաբրենդավորում կիրականացնեն

Մշակույթի զարգացման հիմնադրամի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրով նախատեսվում է համագործակցություն Համալսարանի «Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի և Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» բուհի Դիզայնի դպրոցի համագործակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագրով համալսարանի «Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի ուսանողները՝ որպես ավարտական աշխատանքի թեմա կիրականացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների բրենդավորումը և վերաբրենդավորումը, հիմնադրամի հետ համատեղ կկազմակերպեն և կանցկացնեն բաց դասեր, սեմինարներ և մասնագիտական քննարկումներ, գիտաժողովներ և ցուցահանդեսներ, ինչպես նաև համալսարանի «Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի դասախոսները վարպետաց դասեր կանցկացնեն հիմնադրամի դիզայներների համար։

«Այս համագործակցությունը մեզ համար կարևոր քայլ է մշակութային ժառանգության ժամանակակից ներկայացման ուղղությամբ։ Թանգարանների բրենդավորման գործընթացում երիտասարդ մասնագետների ներգրավումը հնարավորություն կտա ձևավորել նոր լեզու՝ համադրելով մշակութային արժեքները, դիզայնը և նորարարական մտածողությունը»,-նշել է Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ 

««Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին ներգրավել իրական, սոցիալապես կարևոր նախագծերի մեջ։ Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը թույլ է տալիս ուսանողներին աշխատել կենդանի միջավայրում՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի մշակութային հաստատությունների զարգացմանն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը»,-նշել է Հայաստանում «Կոմունիկացիոն դիզայն» ծրագրի ղեկավար Իգոր Գուրովիչը։ 

ՌՀՀ Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն Կարեն Մարգարյանը կողմերին մաղթել է արդյունավետ համագործակցություն՝ ի նպաստ ծրագրի զարգացման։ «Ուսումնական ծրագրերի և մշակութային ոլորտի նման խորը համագործակցությունները ձևավորում են այն միջավայրը, որտեղ կրթությունը դառնում է կիրառական, իսկ ստեղծարար միտքը՝ հասարակական արժեք ստեղծող։ Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը կարևոր ազդեցություն կունենա թե՛ ուսանողների մասնագիտական կայացման, թե՛ մշակութային հաստատությունների ժամանակակից զարգացման վրա»,-նշել է նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում