Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Բրյուսելում քննարկել է Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը Բրյուսելում քննարկել է Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը

Հայաստանը կողջունի Եվրամիության հնարավոր ներգրավվածությունը Հարավային Կովկասի ենթակառուցվածքային նախագծերում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Բրյուսելում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման ավարտին հանդես գալով մամուլի համար մեկնաբանությամբ։ 

«Ուրախ եմ վերադառնալ Բրյուսել. ընդամենը երկու շաբաթ է անցել շատ հաջողված Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի նիստից, որի ընթացքում մենք ընդունեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը՝ դրանով բարձրացնելով մեր հարաբերությունները նոր մակարդակի։ 

Այսօր՝ Արտաքին գործերի խորհրդի ձևաչափով, որը նախագահում էր բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, անդամ պետությունների հետ միասին մենք քննարկեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները՝ տնտեսությունից և ավելի ամուր դիմակայունությունից մինչև անվտանգության հետ կապված հարցեր՝ ներառյալ հիբրիդային սպառնալիքները և Եվրոպական խաղաղության գործիքի ներքո տրամադրվող աջակցությունը։ Մենք անդրադարձանք բոլոր այն թեմաներին, որոնք ներկայում շատ կարևոր են Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններում։ Մենք նաև գնահատեցինք վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը. թեմա, որը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար և Հայաստանը Եվրոպական միությանն ավելի մոտեցնելու տեսանկյունից։

Իհարկե, կա նաև ավելի մեծ պատկերը՝ տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասի երկրների միջև հաղորդակցությունների բացումը և ընձեռվող հնարավորությունները։ Մենք քննարկեցինք և կողջունենք ԵՄ-ի հնարավոր ներգրավվածությունը ենթակառուցվածքային նախագծերում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում