Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազը Կոռուպցիայի դեմ պայքարի օրը հանդիպել է ԵՊՀ-ի ուսանողների հետ

6 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազը Կոռուպցիայի դեմ պայքարի օրը հանդիպել է ԵՊՀ-ի ուսանողների հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ին, հանդիպել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի 4 տասնյակից ավելի ուսանողների հետ։

«Կոռուպցիայի դեմ պայքարը միակողմանի չէ: Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ հետադարձ պայքարում են մեր դեմ ու պայքարում են շատ հաճախ առանց որևէ կանոնների, առանց որևէ բարոյական գծերի: Այդ պայքարում կա նաև մեկ հանգամանք, որի մասին ոչ մի դասագրքում, ցավոք, մեզ չեն ասում. կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ փորձում են հարվածել քո հավասարակշռությանը, կասկած մտցնել քո մեջ՝ արդյո՞ք արժի քո կյանքը, ժամանակն ու առողջությունը զոհաբերես հանուն այդ պայքարի: Իրենց կարծիքով՝ հավասարակշռությունից հանելու ամենակարճ ճանապարհը արժանապատվությանը հարվածելն է. հարվածել՝ ստով, ապատեղեկատվությամբ: Իսկ ո՞նց ենք արձագանքում ապատեղեկատվությանը՝ փաստով», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանն ընդգծել է Վարդապետյանը։

Աննա Վարդապետյանն ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են պետական շահերի պաշտպանության և ապօրինի գույքի վերադարձի ուղղությամբ Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին ու դրանց արդյունքներին, կոռուպցիայի վտանգավորությանը, դրա դրսևորման ձևերին, բարեվարքությանն ու կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությանը:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հանդիպումը նախաձեռնելու և կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին հանդիպող մարտահրավերներից ու խոչընդոտներից խոսելու առիթի համար:

Անդրադառնալով պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ նա նշել է, որ Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ, և դրամական միջոցներ: 

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցերից ներկայում դատարանում քննության փուլում է 155-ը: Այդ հայցադիմումներով պահանջում ենք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 1463 անշարժ գույք, 325 շարժական գույք և 440 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 518 միլիարդ 471 միլիոն 605 հազար դրամ: 2021-2025 թվականների ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 595 միլիարդ 873 միլիոն 393 հազար դրամ»,- նշել է Աննա Վարդապետյանն ու հավելել, որ 1 վճիռ արդեն մտել է օրինական ուժի մեջ, որի արդյունքում ավելի քան 300 միլիոն դրամ շուկայական արժեքով երկու անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, 23 միլիոն 150 հազար դրամ բռնագանձվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության (կատարման փուլում է գտնվում 55 միլիոն 788 հազար դրամի բռնագանձման գործընթացը):

Գլխավոր դատախազի խոսքով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում 2023 թվականին կնքվել է 4 հաշտության համաձայնություն, ևս 4-ը կնքվել է 2024 թվականին: 2023 թվականին հաշտության համաձայնությունների կնքման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ, 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 120 միլիոն դրամ, իսկ փոխանցված դրամական միջոցները՝ շուրջ 80 միլիոն դրամ: «2024 թվականին կնքված 4 հաշտության համաձայնություններով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 1 անշարժ գույք (շուկայական արժեքը՝ 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ), 1 շարժական գույք (շուկայական արժեքը՝ 15 միլիոն 900 հազար դրամ), ինչպես նաև 845 միլիոն 134 հազար դրամ: 2025 թվականին կնքվել է 1 հաշտության համաձայնություն, որով Հայաստանի Հանրապետությանը տարաժամկետ վճարմամբ պետք է փոխանցվի 87 միլիոն 622 հազար դրամ: 87 միլիոն 622 հազար դրամից 59 միլիոն 405 հազար դրամն արդեն իսկ փոխանցվել է»,- եզրափակել է ՀՀ գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ինչպես նաև Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում