«Փոքրիկ իշխանը»՝ նոր մատուցմամբ. Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում
3 րոպեի ընթերցում

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի ամենաուշագրավ ու սիրված ստեղծագործություններից մեկը՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»՝ բոլորովին նոր մոտեցմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտանեկան ներկայացման առաջնախաղը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին։
Աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները հաճախ դուրս են մղում մարդկային հույզերը, «Փոքրիկ իշխանը» ներկայացումը հրավիրում է հանդիսատեսին նոր տեսակի հուզական իմաստալից փորձառության։ Այս գործը կոչված է վերհանելու յուրաքանչյուրի կյանքում մեծ նշանակություն ունեցող երևույթները՝ սեր, պատասխանատվություն, ընկերություն, անձնական արժեքներ։ Ներկայացումը երկխոսություն է երեխայի և մեծահասակի միջև։ Իմերսիվ սարքավորումների, անիմացիոն պատկերների և թատերական տեխնիկաների միջոցով հանդիսատեսը հայտնվում է Փոքրիկ իշխանի լուսավոր, երազային աշխարհում։
Ներկայացման ստեղծագործական թիմում ընդգրկված են արվեստագետներ, անիմատորներ, դիզայներներ Հայաստանից և արտերկրից։ Այս համադրության արդյունքում ստեղծվել են բարձրորակ նորարարական լուծումներ։
Ստեղծագործության բեմականացման հեղինակը և բեմադրիչը Գրիգոր Խաչատրյանն է։ Ներկայացման ռեժիսորական հայացքը ձևավորվել է պարզ, բայց առանցքային գաղափարից՝ Փոքրիկ իշխանը ոչ թե տարիքի մասին է, այլ էներգիայի։ Այն ներքին լույսն է, որը կրում է մարդը՝ անկախ նրանից փոքր է, թե մեծ։
«Հայաստանում «Փոքրիկ իշխանը» բազմիցս թարգմանվել ու վերատպվել է և շարունակում է մնալ ամենասիրված գրքերից մեկը թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների շրջանում։ Ներկայացումը ստեղծում է նոր հնարավորություն՝ այդ մոգական աշխարհը տեսնելու թատրոնի բեմից։ Մեր ներկայացման մեջ Փոքրիկ իշխանը խոսում է առանց «մանկականացնելու» իր ձայնը, այլ՝ իրական, խորքային տոնով, որը հուզում է և՛ երեխային, և՛ մեծահասակին։ Դերասանի խաղը կառուցված է ոչ միայն խոսքի, այլև շարժման, հայացքի, լռության և էներգետիկ շեշտադրումների վրա։ Մենք հերոսին դուրս ենք բերում պարզեցված, կաղապարային պատկերացումներից և ներկայացնում որպես լուսավոր, խոնարհ, բայց ուժեղ հոգի։ Ստեղծվում է մի կերպար, որը ժամանակակից հանդիսատեսի հետ խոսում է կորցրած մանկության, բաց թողած հարցերի, մեծանալու ցավի, բայց նաև մաքուր սիրո լեզվով»,-նշում է Գրիգոր Խաչատրյանը։
Ներկայացման գլխավոր պրոդյուսեր՝ Էդվարդ Մխիթարյան, համապրոդյուսեր՝ Նարեկ Քթոյան։ Նկարչական ձևավորումը և զգեստները՝ Իզաբելլա Թչիխոնսկայի։ Նախագիծն իրականացվում է ism. մեդիա-փրոդաքշն ընկերության հետ համագործակցությամբ։