«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը եզրափակվեց գալա համերգով
5 րոպեի ընթերցում

«Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգին փառատոնի մասնակիցները Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ ելույթ ունեցան տարբեր երաժիշտների, երգիչների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
«Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության և փառատոնի նախագահ Նաիրա Սարգսյանի խոսքով՝ աշխատում են, որպեսզի զարգացնեն զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող մարդկանց ունակությունները, նրանց ներգրավեն հասարակության մեջ։ «Այսօրվա յուրաքանչյուր ելույթի կայացման համար ահռելի աշխատանք է տարվել. ընտանիքների երկարատև պայքար, սեր, հավատ, մասնագիտական թիմային աշխատանք, նվիրում։ Այս փառատոնը սպասված է Հայաստանի Հանրապետությունում և ոչ միայն։ Ունենք արտերկրից բազմաթիվ հյուրեր, որոնք եկել են հատուկ այս փառատոնին մասնակցելու համար»,-ասաց Սարգսյանն ու ընդգծեց՝ արվեստը սահմանափակումներ չունի, և բեմը բաց է բոլորի համար։
Նա վստահեցրեց՝ ունենալով ներառական հասարակություն, կունենանք քաղաքակիրթ երկիր։

Փառատոնը, որն այս տարի ունի շուրջ 6 հարյուր մասնակից, իր շուրջ է համախմբել զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների Վրաստանից, Բահրեյնից, Ուզբեկստանից, Ռուսաստանից և Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։
Փառատոնին ընդգրկվել են ոչ միայն վերականգնողական կենտրոններ, այլև արվեստի և երաժշտական դպրոցներ։
Փառատոնի գլխավոր նպատակն է բացել հասարակության դռները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և դեռահասների առջև՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլորի համար, երաժշտության, արվեստի միջոցով ամրացնել կապը՝ երկու կողմերի համար ապահովելով մտքի, երևակայության փոխանակում, ձևավորել հանդուրժողականություն, ինչպես նաև հասարակության կողմից ճանաչված մարդկանց ներգրավվածության միջոցով հնարավորինս հանրայնացնել և տեղայնացնել ներառական մտածողությունը:
Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո: Հովանավորն է «Իմ քայլը» հիմնադրամը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շեշտեց՝ ցանկացած հասարակության վարկանիշը չափելու համար, պետք է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես է տվյալ հասարակությունը վերաբերվում զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդկանց։ «Մեծ հպարտությամբ պետք է ասեմ, որ մեր կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ներառական ոլորտին մեծածավալ ծրագրերով կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտներում։ Մեզ համար ներառականությունն առաջնահերթություն է բոլոր ոլորտներում, քանի որ մարդկային կապիտալի զարգացման առանցքային ծրագիր է։ Ներառականությանն ուշադրություն դարձնելով՝ ուժեղացնում ենք մեր պետությունը»,-ասաց Դանիելյանը։
«Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը շեշտեց՝ փառատոնը միտված է հաշմանդամություն և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և պատանիների ներուժի բացահայտմանն ու համապատասխան կենտրոնների ամբողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքը ներկայացնելուն։ «Մեր հիմնադրամի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը, գիտակցությունը հատուկ կարիքներ ունեցող անձանց վերաբերյալ, նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալականացմանը՝ կոտրելով հանրության մեջ ձևավորված կարծրատիպերը»,-նշեց նա։

Թօփալաքեանը վստահեցրեց, որ տարեցտարի նկատում են իրենց աշխատանքի արդյունքը, և փառատոնն արվեստի միջոցով հրաշալի կամուրջ է դառնում առանձնահատկություններով անձանց ու հասարակության միջև։
Գալա համերգը մեկնարկեց հանրահայտ Summertime երգի երաժշտությամբ, որը մասնակիցների հետ կատարեց Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։

Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց՝ շատ կարևոր է, որ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին հնարավորություն է տրվում առնչվել արվեստին, երաժշտությանը տարբեր կենտրոններում, որոնցում երաժշտական կրթություն են ստանում, իսկ փառատոնն այդ ամենն ամփոփելու հրաշալի հարթակ է։

«Կարծում եմ՝ երաժշտությունը միավորում է բոլորին, իսկ համերգին հիանալի կատարումներ են սպասվում»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ ինքը կիթառ է նվագում և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի «Գոհար» նվագախմբի հետ հանդես է գալու երաժշտական կատարումով։