Քաղաքականություն

Քի Վեսթի փաթեթ չկա ՀՀ կառավարության տիրապետության ներքո. վարչապետ

3 րոպեի ընթերցում

Քի Վեսթի փաթեթ չկա ՀՀ կառավարության տիրապետության ներքո. վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության տիրապետության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Քի Վեսթի փաթեթ չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթերին:

«Ասում են՝ ինչու չեք հրապարակում Քի Վեսթի փաթեթը: Քի Վեսթի փաթեթ կառավարության տիրապետության ներքո չկա: Քի Վեսթի փաթեթի հենքն այն է, ինչը որ Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է «Հայկական ժամանակ» թերթին և հրապարակվել է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ բանակցային փաթեթի հրապարակումից հետո կարելի է ավարտված համարել բանակցային գործընթացի վերաբերյալ տարընթերցումները։

«30 և ավելի տարի իշխանություն են եղել, 100 անգամ ասել ենք՝ բա, որ շանսեր կային, բա ինչո՞ւ չէիք անում, այսինքն՝ եղե՞լ է հայամետ լուծման շանս, չեք արել, բա ինչի՞ եք մեզ դավաճան ասում, ուրեմն ձեզնից մեծ դավաճան չկա»,-ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև 2019թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկին:

«100 անգամ ասել եմ՝ ես երբեք ՀՀ նախագահ չեմ եղել, այդ փաստաթուղթը սկսվում է՝ «Մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս»: Այդ 2019թ․ փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ՝ երբ վարչապետ եմ դարձել, խնդիր եմ դրել համանախագահների առաջ՝ ասել եմ՝ ո՞րն է մեկնարկային կետն այս պահի բանակցային գործընթացի, սեղմագիրը ո՞րն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի: Համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր, հարցրել եմ՝ հիմա այս փաթեթներով կարո՞ղ է Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում, հնչել է շատ հստակ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում