Հոնկոնգի իշխանությունները հատուկ հանձնաժողով են նշանակել 156 մարդու կյանք խլած հրդեհի հետաքննության համար
2 րոպեի ընթերցում

Հոնկոնգի բնակելի համալիրներից մեկում տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի, մոտ 30 մարդ դեռևս անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։
Հոնկոնգի ղեկավար Ջոն Լին դեկտեմբերի 2-ին հայտարարել է, որ դատավորի գլխավորած հանձնաժողովը կհետաքննի հրդեհի պատճառը և կստուգի շենքերի վերանորոգման վերահսկողության իրականացումը։
«Նմանատիպ ողբերգություններից խուսափելու համար ես կստեղծեմ դատավորի գլխավորությամբ անկախ հանձնաժողով՝ հրդեհի պատճառի և նրա արագ տարածման, ինչպես նաև դրանց հետ կապված խնդիրների ուսումնասիրման համար», - մամուլի ասուլիսում ասել է նա։
Ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու՝ Վան Ֆուկ Քորթ համալիրում նախորդ շաբաթ տեղի ունեցած ողբերգության քրեական հետաքննության շրջանակներում չկանխամտածված սպանության կասկածանքով, ևս 12 մարդ ձերբակալվել է կոռուպցիայի հետաքննության շրջանակներում։ Պարզ չէ՝ արդյոք այս անձանցից որևէ մեկը ձերբակալվել է երկու մեղադրանքներով միասին։
Հետաքննությունը վերահսկող պաշտոնյաները մամուլի ասուլիսում հայտնել են, որ հրդեհի պահին շենքերի վրա բարձրացված բամբուկե փայտամածների շուրջ փաթաթված կանաչ ցանցի մի քանի նմուշների փորձաքննությունները չեն համապատասխանել հրակայունության չափանիշներին։
Թայ Պո շրջանի Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրի 32-հարկանի ութ շենքերից յոթում հրդեհը սկսվել և արագ տարածվել է նոյեմբերի 26-ի կեսօրին։ Բնակելի թաղամասում կար 2000 բնակարան, որտեղ ապրում էր ավելի քան 4600 մարդ։