«Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին ընդգրկվել է շուրջ 600 մասնակից
2 րոպեի ընթերցում

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով մեկնարկեցին «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գեղարվեստական միջոցառումները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իմ մեծ բեմը» խորագրով համերգի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ արտերկրի և Հայաստանում գործող վերականգնողական կենտրոններից, արվեստի ու երաժշտական դպրոցներից։
«Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության և փառատոնի նախագահ Նաիրա Սարգսյանի խոսքով՝ միջոցառմանը մասնակցում են տարբեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ Վրաստանից, Բահրեյնից, Ուզբեկստանից Ռուսաստանից և Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։
«Շեշտը չենք դրել միայն վերականգնողական կենտրոնների վրա։ Ընդգրկել ենք նաև արվեստի, երաժշտական դպրոցներ, որպեսզի մոտիվացիա ունենան, աշխատեն երեխաների հետ և փառատոնը հարթակ է, որտեղ կարող են իրենց ամբողջ տարվա աշխատանքը ներկայացնել։ Բացի այդ՝ փառատոնը մասնակիցներին սոցիումի մեջ ներգրավվածություն է տալիս, նրանք կարևոր են զգում իրենց և կարողանում են արտահայտել կարողությունները, ուժեղ կողմերը»,-ասաց Սարգսյանը՝ հայտնելով, որ փառատոնն այս տարի շուրջ 600 մասնակից ունի։
Նոյեմբերի 30-ին փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել առցանց սեմինարներ, որոնց ընթացքում արտերկրի մասնագետները վարպետության դասեր են անցկացրել ներառական կրթության և մշակույթի ոլորտների հայաստանյան մասնագետների համար:
Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում նախատեսվում է փառատոնի գալա համերգը, որին ընդառաջ՝ ճեմասրահում կբացվի նաև ՀՀ զարգացման տարբեր կենտրոնների սաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես։
Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո:
Հովանավորն է «Իմ քայլը» հիմնադրամը: