Մշակույթ

Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով Հայաստանը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն

2 րոպեի ընթերցում

Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով Հայաստանը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն

Չինաստանի Չունցին քաղաքում կայացել են Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) 2-րդ գլխավոր ասամբլեան և խորհրդի 3-րդ նիստը: Նիստերին մասնակցել են դաշինքի անդամ կամ դիտորդի կարգավիճակ ունեցող ավելի քան 20 երկրների պատվիրակություններ: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Նա ելույթում կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ջանքերը՝ ուղղված Ասիայի մշակութային ժառանգության պահպանության քայլերին: Հարություն Վանյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի հիմնադիր երկիր, պատրաստակամ է զարգացնելու հայ-չինական համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանության ոլորտում: Առանձնակի շեշտվել է միջազգային կազմակերպությունների դերը հակամարտությունների հետևանքով մշակութային ժառանգությանը հասցվող վնասի կանխարգելման գործում:  

Նիստերի ընթացքում ընտրվել է խորհրդի գլխավոր քարտուղարը, կայացել են նաև խորհրդի կազմի ընտրությունները, որտեղ, ի թիվս այլ երկրների, Հայաստանի Հանրապետությունը վերընտրվել է: Հայտարարվել են նաև Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի հայտարարած դրամաշնորհի արդյունքները. Հայաստանի Հանրապետությունը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն՝ «Մետաքսի ճանապարհի մոդելը տեղական դիտանկյունից. Թալինի և Դաշտադեմի մշակութային փոխկապակցվածության բացահայտում և պահպանում» ծրագրի իրականացման նպատակով: Ծրագիրը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը: 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում