Ներառականության ապահովումը Հայաստանում գերակայություն է. ավելի քան 11 հազար երեխա մանկավարժահոգեբանական աջակցություն է ստացել

4 րոպեի ընթերցում

Հայաստանում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններն այս տարվա ընթացքում աջակցություն են տրամադրել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 9600 դպրոցականի, 1853 նախադպրոցական սանի և միջին մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների 91 սովորողի։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցությունը կազմակերպվում է երեք մակարդակով։ Առաջին մակարդակում՝ դպրոցում, նրանց աջակցում են ուսուցչի օգնականն ու հոգեբանը՝ ապահովելով անհատական մոտեցում։

Երկրորդ մակարդակում՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները գնահատում են կարիքները և կազմակերպում մասնագիտական ծառայություններ, իսկ երրորդ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական մակարդակում, իրականացվում են վերապատրաստումներ ու մեթոդական աջակցություն՝ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը մանրամասնեց՝ կենտրոնների մասնագետները նաև խորհրդատվություն են տրամադրում ուսուցիչներին ու ծնողներին, կազմակերպում տեղեկատվական հանդիպումներ՝ նպաստելով ներառական կրթության որակի շարունակական բարձրացմանը։

«Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր երեխա ստանա աջակցված և մատչելի կրթություն։ Նախատեսվում է նաև կրթության կառավարման համակարգի մոդուլի մշակում և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար պլանշետների տրամադրում, ինչը կնպաստի գործընթացի արդյունավետությանը»,-ասաց պատասխանատուն։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մոդուլի մշակման և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար պլանշետների գնումը ֆինանսավորելու առաջարկը ներկայացվել է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ և 2025 թվականի հունիսի 23-ին կայացած նիստում այն հավանություն է ստացել։

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ուսումնական հաստատություններում ֆիզիկական միջավայրի մատչելիությունը ապահովելու և խելամիտ հարմարեցումները վերահսկելու նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ մշակել ենք «Ուսումնական հաստատություններում ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովում» գործիքակազմը, որը մշտադիտարկման համակարգի մի բաղադրիչն է, իսկ մյուս՝ «Սովորողներին խելամիտ հարմարեցումներով ապահովման» բաղադրիչի մշակումն ավարտին է հասցվել նոյեմբերի 30-ին»,-եզրափակեց Թամարա Սարգսյանը։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դպրոցում ուսանելը դարձավ ավելի աջակցող ու մատչելի, երբ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը փոփոխություններ  կատարեց «Հանրակրթության մասին» օրենքում, որի համաձայն՝ Հայաստանի կրթական համակարգը անցում կատարեց համընդհանուր ներառական կրթության: Այսինքն՝ բոլոր դպրոցներում ստեղծվեցին պայմաններ, որպեսզի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաները ուսանեն ընդհանուր կրթական միջավայրում՝ հավասար հնարավորություններով։

Լուսինե Ջալալյան

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն